Հունիսի 29-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում ուժեղ կարկուտ է տեղացել Լոռու մարզում: Մի շարք համայնքներում՝ Բազում, Քարաձոր եւ մարզկենտրոն Վանաձորին հարակից գյուղերում այն մեծ ավերածություններ է առաջացրել:
Ինչպես «Ռադիոլուր»-ին տեղեկացրել են Քարաձոր համայնքի բնակիչները, կարկուտը տեւել է շուրջ 15 րոպե: Գրեթե հավկիթի չափերի հասնող կարկտահատիկները մեծապես վնասել են ցանքատարածություններ ու պտղատու ծառեր:
Բնակիչների խոսքով՝ կարկուտը կոտրել է ընկուզենու ծառերի ճյուղեր՝ գրեթե հասունացած բերքով:
Լոռու մարզպետարանի Գյուղատնտեսության եւ բնապաhանության վարչության պետ Արուս Թումանյանը «Ռադիոլուր»-ին տեղեկացրեց, որ վնասի չափի մասին դեռեւս ոչինչ հայտնի չէ:
Առաջիկայում գյուղերում կկազմվեն եւ մարզպետարան կներկայացվեն արձանագրություններ՝ վնասների մասին: Ըստ այդմ էլ՝ կգնահատվեն գյուղացիների կրած վնասի չափերը:




