
Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանն աշխատանքային հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի գործադիր ներկայացուցիչ Ծովինար Հարությունյանի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկրում ժողովրդագրական իրավիճակի բարելավման, բազմազավակ ընտանիքներին տրվող արտոնությունների, ծնելիության խթանման վերաբերյալ մի շարք առաջնահերթություններ։

Այս մասին նախարարը տեղեկացրել է Ֆեյսբուքի իր էջում:
«Կարեւորել ենք ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի դերն ու համատեղ աշխատանքը՝ ժողովրդագրության, գենդերային հավասարության, վերարտադրողական առողջության եւ երիտասարդությանն ուղղված ծրագրերի իրականացման գործում՝ էական համարելով խնդիրներին ժամանակին արձագանքը։
Հանդիպման ընթացքում հետագա սերտ համագործակցության պատրաստակամություն ենք հայտնել՝ շեշտելով համատեղ ռեսուրսների արդյունավետ օգտագործումը ցանկալի արդյունքներ արձանագրելու համար»,-ասված է գրառման մեջ։