Գլխավոր ԵՐԵւԱՆ ՝՝Յուրաքանչյուր պահի հնարավոր է, որ այդ էսկալացիայի ալիքը մեծանա՝՝․․․պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյան

՝՝Յուրաքանչյուր պահի հնարավոր է, որ այդ էսկալացիայի ալիքը մեծանա՝՝․․․պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյան

0

Սահմանին այս պահին իրավիճակը կայուն լարված է։ Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը՝ միաժամանակ հստակեցնելով, որ Արցախում մեծ բախումներ չկան:

«Լարվածություն, եթե նկատի ունեք հրաձգության, մեծ բախումներ, այս պահին չկան, սակայն ես անընդհատ, երբ որ խոսել ենք սրա մասին, որ կարող է լարվել, միշտ պատասխանել եմ, որ յուրաքանչյուր պահի հնարավոր է, որ այդ էսկալացիայի ալիքը մեծանա, որովհետև մեր խաղաղությունը փխրուն է: Եվ այս պահին աշխարհում տեղի ունեցող իրադարձություններով պայմանավորված չի բացառվում, որ որևէ մեկը, որևէ պետություն փորձի ապակայունացնել», – նշեց Սարգսյանը:

Փոխնախարարը այդպես էլ չհստակեցրեց Արցախի Ասկերանի շրջանում ադրբեջանական զորքերի առաջխաղացման հանգամանքների առնչությամբ քննությունը սկսվել է, թե՝ ոչ։ Պաշտոնական Երևանն էր կասկածի տակ դրել Փառուխի ուղղությամբ ռուս խաղաղապահների գործողությունների արդյունավետությունն ու ամենաբարձր՝ վարչապետի մակարդակով խոսել անհրաժեշտ քննության մասին։ Այսօր արդեն փոխնախարարը այս հարցերը վտանգավոր համարեց Հայաստանի պետականության համար:

«Մենք հիմա խոսում ենք զգայուն թեմաների մասին, որոնց և՛ պատասխանելը, և՛ չպատասխանելը, և՛ հաստատելը, և՛ հերքելը…., այդ թեմայի մասին պետք է խոսեն պատկան մարմինները, ես կարող եմ խոսել բացարձակապես այն մասին, թե ինչ իրավիճակ է այս պահին: Ցանկալի չէ այս իրավիճակում գտնվող պետության պաշտպանության նախարարի տեղակալին երկար ճեպազրույց վարել», – ասաց Արման Սարգսյանը:

Փոխնախարարը այսօրինակ պատասխաններով խուսափեց մի շարք հարցերի անդրադառնալ, այդ թվում՝ չհստակեցրեց, թե խաղաղապահների գործողությունների հետ կապված քննություն նշանակվե՞լ է թե՝ ոչ, կամ ո՞վ պետք է անցկացնի այդ քննությունը։

Դեռ մարտի 28 -ին, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում իրադրության վերջին սրմանը՝ Հայաստանի արտաքին գերատեսչությունը հայտարարել էր. «Կարևոր ենք համարում, որ ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժման այս ողջ ընթացքում խաղաղապահ զորախմբի գործողությունների պատշաճ քննություն տեղի ունենա և տրվեն մի շարք հարցերի պատասխաններ»:

Մեկնաբանել