Հարգարժա՛ն տիկնայք, սիրելի՛ մայրեր ու տատիկներ, քույրեր ու դուստրեր,
Սիրով եւ ջերմ բարեմաղթանքներով շնորհավորում եմ Ձեզ Մարտի 8-ի՝ Կանանց միջազգային օրվա առիթով։
Մեր հանրությունը մշտապես հարգանքով է վերաբերել ընտանիքում հայ կնոջ կարեւորագույն դերակատարությանը, որտեղ Ձեր սիրո, հոգատարության, ջերմության ու ներդրած ջանքերի շնորհիվ ներդաշնակ միջավայր է ստեղծվում ապրելու, արարելու, զարգանալու եւ արժանապատիվ գոյն ապահովելու համար: Որտեղ դաստիարակվում ու հասակ են առնում հայրենանվեր զավակներ, հասարակության արժանի անդամներ:
Գնահատանքի է արժանի հասարակական եւ քաղաքական կյանքում Ձեր ակտիվ դերակատարությունը, քանզի Դուք լավագույնս եք դրսեւորվում երկրի տնտեսության, գիտության, կրթության մշակույթի, սպորտի եւ կարեւոր այլ ոլորտների զարգացման գործում :
Խոնարհումով ուզում եմ խոսքս ուղղել Արցախյան երրորդ պատերազմում զոհված հայորդիների մայրերին, տիկնանց, դուստրերին ու քույրերին: Սիրելինե՛րս, Ձեզ մաղթում եմ ուժ ու դիմացկունություն, որպեսզի կարողանաք շարունակել Ձեր հերոսների կիսատ մնացած գործերը՝ շենացնել նրանց օջախները, դաստիարակել ու մեծացնել նրանց զավակներին: Տա Աստված, որ այս ամենը Դուք իրականացնեք խաղաղ ու շեն հայրենիքում:
Շնորհավորում եմ նաեւ հայոց բանակում ծառայություն իրականացնող բոլոր կանանց եւ օրիորդներին, մաղթելով բարի ծառայություն:
Սիրելի՛ կանայք, մեր երկիրն ապրում է հետպատերազմյան ծանր օրեր, որտեղ հանդարտության ու հանդուրժողականության ապահովման գործում շատ կարեւոր է Ձեր դերը եւ ներդրած ջանքերը, եւ հույս ունեմ, որ այս գործում նույնպես Դուք կունենաք արժանապատիվ ներդրում:
Կրկին շնորհավորում եմ Ձեզ Մարտի 8-ի առիթով: Դուք արժանի եք ամենայն հարգանքի ու սիրո, մեծարանքի ու խոնարհումի: Մաղթում եմ, որ երջանկությունն ու հաջողությունը մշտապես ուղեկից լինեն Ձեզ եւ Ձեր կյանքն անցնի ընտանիքի անդամների, հարազատների, ընկերների, գործընկերների ջերմ ու հոգատար վերաբերմունքի ներքո: Ձեզ՝ անսպառ սեր, անմար ժպիտ, չխամրող հմայք եւ հարատեւ երջանկություն:
Սիրով ու հարգանքով ՝
ՀՀ Վայոց ձորի մարզպետ
Արարատ Գրիգորյան