Գլխավոր Մարզեր ԿՈՏԱՅՔ Աբովյանի N1 ավագ դպրոցի պատմության ուսուցիչը բերման է ենթարկվել. իրավիճակը լարված է

Աբովյանի N1 ավագ դպրոցի պատմության ուսուցիչը բերման է ենթարկվել. իրավիճակը լարված է

0

Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի N1 ավագ դպրոցի պատմության ուսուցիչ Հայկ Փայտյանը քիչ առաջ բերման է ենթարկվել ոստիկանություն:

Ինչպես «Հայկական ժամանակին» փոխանցեց դպրոցի ռազմագիտության ուսուցիչ Էդիկ Գրիգորյանը, Փայտյանը բերման է ենթարկվել ոստիկանի պահանջին չենթարկվելու համար: Հիմա դպրոցի ուսուցիչները հավավքվել են ոստիկանության Կոտայքի բաժնի դիմաց:

«Ոստիկանության աշխատակիցները եկան դպրոց, Փայտյանին ասացին՝ դուրս եկեք դպրոցի տարածքից, դուք ազատված եք աշխատանքից: Փայտյանն էլ ասաց՝ օրինական կարգով ցույց տվեք, որ ազատված եմ, ես որեւէ ծանուցում չեմ ստացել, ոչ էլ որեւէ թուղթ, որ աշխատանքից ազատված եմ: Աշխատանքից ազատվելն էլ, ախր, էդպես չի, որ գան, ասեն՝ դուք ազատված եք, գնացեք: Դա ընթացակարգով է՝ առաջին անգամ նկատողություն է ստանում, բացատրագիր է գրում եւ այլն, բայց ինքը նկատողություն չի ստացել, հակաօրինական քայլ չի արել: Ոստիկաններն էլ ասացին՝ իրենց էդպես են փոխանցել, ինքը աշխատանքից ազատված է, իրավունք չունի դպրոցի տարածքում մնալ: Չենթարկվելու, պահանջը չկատարելու համար Փայտյանին բերման ենթարկեցին, մենք էլ էստեղ ենք, սպասում ենք, թե երբ է դուրս գալու»,- մանրամասնեց Գրիգորյանը:

Ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության եւ լրատվության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանն էլ մեզ հետ զրույցում ասաց. «Փայտյանը հիմա գտնվում է Կոտայքի մարզի ոստիկանության բաժնում, վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի համաձայն, որով սահմանվում է՝ Հասարակական կարգի պահպանության եւ հասարակական անվտանգության ապահովման պարտականությունները կատարելու ընթացքում զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով (50.000 դրամ -խմբ.): Այս պահին իր նկատմամաբ կազմվում է արձանագրություն: Արձանագրություն կազմելուց հետո նա ազատ կարձակվի»:

«Հայկ Փայտյանին ազատել եմ աշխատանքից փետրվարի 22-ին, բայց ինքը դեռ շարունակում է դպրոց գալ: Ես դիմեցի ոստիկանությանը, որպեսզի հասարակական կարգը պահպանեն դպրոցում, որովհետեւ Հայկ Փայտյանը նպաստում է, որ դասերը չվերսկսվեն, նաեւ իր կողմից են կազմակերպվում բողոքի ակցիաները: Աշխատանքից ազատման ընթացակարգը պահպանվել է, եթե բողոքարկման հետ կապված խնդիր ունի Փայտյանը, կարող է դիմել դատարան, նման հարցերը դատական կարգով են լուծվում»,- մեր զրույցում ասաց դպրոցի տնօրեն Քարմիլե Առաքելյանը:

Հավելենք, որ Հայկ Փայտյանը Աբովյան քաղաքի N1 ավագ դպրոցի 26 ուսուցիչներից մեկն է, որոնք հայտարարել են գործադուլ եւ պահանջում են, որ նորանշանակ տնօրեն Քարմիլե Առաքելյանը հեռանա դպրոցից, փոխարենը նախկին տնօրեն Մետաքսյա Բաբայանը հետ վերադառնա իր պաշտոնին: Արդեն մեկ ամիս է՝ ուսուցիչների գործադուլի պատճառով դպրոցում դասերը խաթարված են:

 

Մեկնաբանել