Աբովյան քաղաքի թիվ 1 ավագ դպրոցի պատմության ուսուցիչ Հայկ Փայտյանը ոստիկանության Կոտայքի բաժանմունքից բաց է թողնվել։ Այս մասին այսօր՝ մարտի 10-ին, NEWS.am-ին հայտնեց նրա փաստաբան Սմբատ Մինասյանը։
Նա ասաց, որ Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն է կազմվել։
«Մարդուն ասում են՝ ինչու ես գնացել աշխատանքի, երբ դու ազատված ես աշխատանքից, Փայտյանն էլ ասում է՝ ես ազատված չեմ աշխատանքից, որովհետեւ այդպիսի հրաման չեմ ստացել ու եկել եմ աշխատանքի։ Ոստիկանները շեշտում են, որ եթե ազատված ես աշխատանքից, չպետք է գաս աշխատանքի, այդպիսով նշում են, որ նա խախտել է օրենքը»,- նշեց Մինասյանը։
Սմբատ Մինասյանի խոսքով՝ Հայկ Փայտյանը պատշաճ կարգով ծանուցված չի եղել իր՝ աշխատանքից ազատման հրամանագրի վերաբերյալ. «Ընդհանուր վարչաիրավական հարաբերություններում եթե անձն աշխատանքից ազատվում է, նա պետք է այդ հրամանին ծանոթանա, այնուհետեւ այդ հրամանը ստանում է իրավաբանական ուժ, հետո ձեռք է բերվում 2-ամսյա ժամկետում բողոքարկման հնարավորություն։ Հետեւաբար այդ անձը շարունակում է հաճախել աշխատանքի։ Տնօրենն էլ գրություն է ուղարկել Ոստիկանությանը, թե Հայկ Փայտյանը խոչնդոտում է բնականոն աշխատանքին այն դեպքում, երբ ինքն ազատված է աշխատանքից։ Հիմա ոստիկանությունը պետք է դիմի տնօրենին եւ ստանա այդ հրամանը եւ ծանուցագիրը, որով Փայտյանն ազատված է աշխատանքից»։
Հիշեցնենք, որ Աբովյանի N1 դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները դասադուլ եւ գործադուլ են անում փետրվարի 3-ից՝ բողոքելով նոր տնօրենի՝ Քարմիլե Առաքելյանի նշանակման դեմ, որը, նրանց խոսքով, շրջակա միջավայրի նախարար, Կոտայքի նախկին մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի ընտանիքի մտերիմն է եւ նրա հովանավորությամբ է Առաքելյանը նշանակվել տնօրեն։ Ռոմանոս Պետրոսյանը հերքում է իր ընտանիքի կապը նորանշանակ տնօրենի հետ։ Դպրոցի անձնակազմը եւ աշակերտները ցանկանում են որպես տնօրեն տեսնել նախկին տնօրեն Մետաքսյա Բաբայանին։ Քարմիլե Առաքելյանը հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարական ներկայացնել։