Գլխավոր Մարզեր ԼՈՌԻ Իմ մասնակցությունը երբեւէ ՏԻՄ-ում ինքնանպատակ չի եղել. Ո՞ր դեպքում Թումանյանի քաղաքապետի պաշտոնակատարը...

Իմ մասնակցությունը երբեւէ ՏԻՄ-ում ինքնանպատակ չի եղել. Ո՞ր դեպքում Թումանյանի քաղաքապետի պաշտոնակատարը կմասնակցի ընտրություններին

0

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, փետրվարի 26-ին Թումանյան խոշորացված համայնքի  ղեկավարի պաշտոնակատար  է նշանակվել Տիգրան Մխիթարյանը: Նորանշանակ քպաշտոնյայի հետ Marzer.am-ը խոսել է խոշորացված համայնքում առկա խնդիրների ու դրանց լուծման ճանապարհների վերաբերյալ:

-Պարոն Մխիթարյան, որպես խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնակատար, ո՞րն է լինելու այն ուղղությունը, որով առաջնորդվելու եք նոր պաշտոնում:

-Որպես հիշեցում ասեմ, որ ես տարիներ շարունակ եղել եմ Թումանյան խոշորացված համայնքի ավագանու անդամ, եւ հենց այդ ժամանակ էլ իմ ուղղվածությունը դեպի մասնակցային կառավարումն էր առաջին հերթին: Ինձ համար որոշում կայացնողը ոչ թե ավագանին ու համայնքի ղեկավարի աթոռը զբաղեցնող անձն է, այլ տվյալ համայնքի բնակչությունը: Ժողովուրդը ինքը պետք է իր կայացրած որոշումը բերի հաստատման, ու եթե կարողանանք այս հարցը լուծել, ապա մենք մեր ունեցած հնարավորություններով կկարողանանք լուծել այնպիսի խնդիրներ, որոնք կբխեն առաջին հերթին բնակչության շահերից:

-Սուբվենցիոն ի՞նչ ծրագրերով այս տարի հանդես կգա Թումանյան խոշորացված համայնքը:

-Ես խոսել եմ աշխատակազմի հետ, մինչ իմ նշանակվելը, փաստորեն, իրենք արդեն որոշակի ծրագրեր ունեին, բայց դրանք գրվել են առանց բնակիչների հետ խոսելու, նրանց առաջարկները լսելու, եւ եսհամապատասխան մարմինների հետ քննարկել ու ժամանակ եմ խնդրել՝ հանրային լսումներ անելու, բնակիչների առաջարկները լսելու եւ դրանց վրա էլ ծրագրեր ներկայացնելու համար:

՞րն է Թումանյանի ամենախնդրահարույց համայնքը եւ ի՞նչ խնդիրներ ունի:

-Ամենամեծ խնդիրը դա Մոտկորի շրջանի 6 գյուղերի ճանապարհների հարցն է, որը, փաստորեն, կառավարությունը նախատեսել է այս տարի բարեկարգել: եթե այս խնդիրը հանենք ու մտածենք, որ կառավարությունը լուծելու է, հաջորդ խնդիրն ինձ համար Թումանյան քաղաքի ճանապարհներն են, որոնք անբարեկարգ ու վատ վիճակում են: Սա իմ սուբյեկտիվ կարծիքն է, եւ չի բացառվում, որ հանդիպումների ժամանակ բնակիչները այլ կարեւոր խնդիրներ առաջ կքաշեն:

-Համայնքը փաստացի չունի ավագանի, ինչն ըստ էության լուրջ խոչընդոտ է տարբեր ծրագրեր իրականացնելու համար: Լուծման ի՞նչ ճանապարհներ եք տեսնում:

-Այս պահին առաջնորդվում ենք նախորդ տարվա հաստատված բյուջեով: Իմ պատկերացրած համայնքում պետք են նաեւ կառուցվածքային փոփոխություններ, բազմաթիվ գաղափարներ կան, որոնք առանց ավագանու հնարավոր չէ կյանքի կոչել: Որքանով  տեղյակ եմ, Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունում օրինագիծ է մշակվում, որով որոշակի գործառույթներ կտրամադրվեն համայնքապետերին՝ առամց ավագանու առկա խնդիրներին լուծում տալու համար:

ՏԻՄ ընտրություններ կարծես թե աշնանն  են նախատեսվում: Կմասնակցե՞ք:

-Իմ մասնակցությունը երբեւէ ՏԻՄ-ում ինքնանպատակ չի եղել: Եթե բնակչությունը կցանկանա ինձ տեսնել՝ կառաջադրվեմ: Դա եղել է նաեւ իմ՝ ավագանի ընտրվելու ժամանակ:Ամեն ինչ կախված է բնակչության մեծամասնության խոսքից:

-Ձեր՝ քաղաքապետի պաշտոնակատար նշանակվելը բուռն քննարկվեց համացանցում: Ի՞նչ կասեք այս ուղղությամբ:

-Ես լրիվ նորմալ եմ վերաբերվում, այդ քննարկումներում ես չտեսա ոչ մի թումանյանցու, ով դժգոհություն հայտնեց իմ նշանակման վերաբերյալ, քննարկողները Հայաստանի այլ վայրերից են, օրինակ Մեղրիիից մեկը գրել էր, թե ես բարձրագույն կրթություն չունեմ, մի էջմիածինցի էլ գրել էր, թե գյուղապետ հորս շնորհիվ եմ ես դպրոցում աշխատել, մինչդեռ օգտվելով առիթից մի անգամ էլ նշեմ, որ երբ հայրս գյուղապետ էր,  ես դպրոցական երեխա էի: Բացի այդ, ես 2 բարձրագույն կրթություն ունեմ: Ինձ հետ 5 տարի ԲՈՒՀ-ում սովորած համակուրսեցիս կայքերից մեկով կարդում է, որ ես բարձրագույն կրթություն չունեմ, ու արդեն համոզվում է, որ տվյալ կայքը կամ պատվեր կատարող է, կամ՝չճտված ինֆորմացիա տարածող:

Այսքան քննարկումները իրենց դրական կողմն էլ ունեին: Թումանյանցիները մեկ անգամ էլ համոզվեցին, որ ամեն գրած չէ, որ արժանահավատ է:

-Կադրային փոփոխություններ, կրճատումներ կլինե՞ն:

-Ես պատրաստ եմ բոլորի հետ էլ աշխատել, միայն չեմ կարող աշխատել այն մարդու հետ, ով իր աշխատանքային պարտականությունները կկատարի ոչ պատշաճ: Ես չեմ առաջնորդվելու նախկին ու ներկա հասկացություններով: Եթե այստեղ կան մարդիկ, ովքեր կցանկանան համատեղ աշխատել՝ սիրով, իսկ եթե կլինեն մարդիկ, ովքեր կփորձեն իրենց աշխատելաոճով խոչընդոտ հանդիսանալ համայնքի զարգացմանը, այդ մարդը մեր կողքին տեղ չունի: Այլ տարբերակ չի կարող լինել:

Մեկնաբանել