Մարտի 11-ի եւ 12-ի ընթացքում տեղացած ձյան եւ բքի պատճառով դժվարանցանելի են դարձել Գեղարքունիքի մարզի միջպետական, հանրապետական, մարզային ու համայնքային նշանակության ճանապարհները։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի վարիչ Գեւորգ Խաչատրյանը,տեղացած ձյան շերտը կազմել է 10-15 սանտիմետր։ Ձյունը որոշ տեղերում, հատկապես Վարդենիսի տարածաշրջանում, ուղեկցվել է բքով, ինչը դժվարացնում է ճանապարհները սպասարկող կազմակերպությունների աշխատանքները։
«Ճանապարհների անցանելիությունը հիմնականում ապահովված է։ Մարտի 12-ի առավոտվա ժամերի դրությամբ ճանապարհները դժվարանցանելի են մնում Վարդենիսի տարածաշրջանում, որտեղ բուքը չի ընդհատվել։ Իսկ մյուս տարածքներում, որտեղ հանդարտ եղանակ է, կատարվում են մաքրման եւ մշակման աշխատանքներ, ապահովվում է ճանապարհների անցանելիությունը»,- նշեց Գեւորգ Խաչատրյանը։
Խոսրով Խլղաթյան