Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանը շարունակում է համայնքային շրջայցերը:
Մարզպետն այսօր այցելել է Առինջ, Բալահովիտ, Գետարգել, Պտղնի եւ Վերին Պտղնի համայնքներ, ծանոթացել համայնքային խնդիրներին, կատարած եւ առաջիկայում նախատեսված աշխատանքներին:
Մարզպետի այցի առաջին կանգառն Առինջում էր:
Համայնքի ղեկավարի պաշտոնակատար Հայկ Մկրտչյանի ներկայացմամբ՝ 2020 թվականին Առինջում կյանքի է կոչվել սուբվենցիոն 3 ծրագիր՝ Գ թաղամասի գազաֆիկացում, լուսավորության համակարգի անցկացում եւ ներհամայնքային փողոցների ասֆալտապատում։ Պայմանավորված պատերազմով՝ ասֆալտապատման աշխատանքները կավարտվեն այս տարի։
Նախորդ տարի ասֆալտապատման աշխատանքներ են կատարվել նաեւ համայնքային միջոցներով եւ բնակիչների աջակցությամբ։
2021 թվականին համայնքից 200 մլն ՀՀ դրամի սուբվենցիոն ծրագրային հայտ է ներկայացվել Կառավարության հաստատմանը. Նախատեսում են լուսավորել համայնքային եւս մի քանի փողոց: Սեփական միջոցների հաշվին համայնքում կգազաֆիկացվի եւս մեկ թաղամաս, կկառուցվի այգի, ձեռք կբերվի աղբատար եւ կոյուղին մաքրող մեքենա, ինչպես նաեւ կփոխվի համայնքի 1-ին փողոցի խնդրահարույց կոյուղագիծը։
Առինջում մարզպետ Մեսրոպյանը շրջել է դպրոցում եւ մշակույթի տանը, ծանոթացել շենքային պայմաններին եւ կորոնավիրուսային համավարակի պայմաններում դասապրոցեսների կազմակերպմանը։
Մարզպետը հորդորել է խստագույնս պահպանել հակահամաճարակային բոլոր կանոնները, որի շնորհիվ միայն կարող ենք ապահովել դասապրոցեսի անընդհատությունը:
Մեսրոպ Մեսրոպյանի այցի հաջորդ կանգառը Բալահովիտ համայնքում էր: Ինչպես ներկայացրել է համայնքի ղեկավար Կամո Գրիգորյանը, Կառավարության 2020 թվականի սուբվենցիոն երկու ծրագրերով Բալահովիտ համայնքում ասֆալտապատվել են ներհամայնքային ճանապարհներ (շուրջ 500 գծամետր) եւ անց է կացվել գիշերային լուսավորության համակարգ: Եվս մեկ ծրագիր՝ նոր մանկապարտեզի շենքի կառուցում, տեղափոխվել է այս տարի: Կառավարության կողմից հաստատվելուց հետո այն կիրականացվի:
Գետարգել համայնքում Մեսրոպ Մեսրոպյանը շրջել է համայնաքետարանի շենքում, որը մասնակի վերանորոգվել է 2020 թվականի սուբվենցիոն ծրագրով։ Համայնքի ղեկավար Արսեն Կարապետյանի ներկայացմամբ՝ համայնքը 2021թ-ին մեկ սուբվենցիոն ծրագրային հայտ է ներկայացրել, որով նախատեսում են իրականացնել միջհամայնքային ճանապարհահատվածների ասֆալտապատման աշխատանքներ։
Պտղնի համայնքում 2020 թվականին իրականացվել է սուբվենցիոն 2 ծրագիր՝ մշակույթի տան վերանորոգում եւ ջրագծի անցկացում։
Համայնքապետ Առաքել Վիրաբյանը տեղեկացրել է, որ ընթացիկ տարում համայնքից ներկայացվել է սուբվենցիոն մեկ ծրագրային հայտ՝ 8 միլիոն դրամ արժողությամբ։ Ծրագրով նախատեսվում է ասֆալտապատել ներհամայնքային փողոցները։
Համայնքը գրեթե ապահովված է գիշերային լուսավորության համակարգով։ Այս տարի եւս մեկ փողոցում կանցկացվի գիշերային լուսավորության ցանց եւ համայնքի լուսավորության հարցն ամբողջությամբ կլուծվի:
Վերին Պտղնի համայնքում էլ մարզպետին ներկայացվել է, որ 2020 թվականին համայնքում իրականագվել է սուբվենցիոն 3 ծրագիր, որոնցից ջրագծերի անցկացումն ու արեւային կայանների տեղադրումն ավարտել են, իսկ մշակույթի տան կառուցման աշխատանքները տեղափոխվել են այս տարի։ Ընթացիկ տարում Վերին Պտղնի համայնքից սուբվենցիոն մեկ ծրագրային հայտ է ներկայացվել Կառավարության միջգերատեսչական հանձնաժողովի քննարկմանը, որով նախատեսում են իրականացնել ներհամայնքային 1,2 կմ ճանապարհահատվածի ասֆալտապատման աշխատանքներ:
Համայնքի ղեկավար Գեւորգ Պողոսյանը տեղեկացրել է նաեւ, որ առաջիկայում համայնքային միջոցներով ամբողջությամբ կկահավորվի եւ շահոգործման կհանձնվի մանկապարտեզը: Կրթական այս օջախը կառուցվել է 2019 թվականի սուբվենցիոն ծրագրով: