Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի թիվ 1 ավագ դպրոցում արդեն 40 օր է, ինչ իրավիճակը չի փոխվում։ Նորանշանակ տնօրենին, փաստորեն, մեկ ամսից ավելի է՝ չի հաջողվում ընդհանուր հայտարարի գալ ուսուցիչների հետ եւ դպրոցում վերականգնել նորմալ դասապրոցեսը։
Ըստ «Հայկական ժամանակ»–ի, կրթության նախարարությունում, սակայն, այդպես չեն կարծում։ Նախարարի մամուլի քարտուղար Գեղամ Մելիքբեկյանի կարծիքով՝ ասել, որ նոր տնօրենը չի կարողանում աշխատել, սխալ կլինի, որովհետեւ դա գնահատելու համար նախ պետք է ուսուցիչներն ու տնօրենը համատեղ աշխատեն:
«Նախարարությունը չի ողջունում այն իրավիճակը, որը տիրում է դպրոցում եւ խաթարում է աշակերտների ուսման իրավունքը։ Նախարարությունը գործել է իր լիազորությունների սահմաններում։ Այսինքն՝ լիազոր մարմնի ղեկավարը ընտրել է նրանցից (տնօրենի պաշտոնի հավակնորդներից-խմբ.) մեկին։ Կարեւոր չէ, թե ով է տնօրենը, մանկավարժական կոլեկտիվի առաքելությունը երեխաներ կրթելն է, եւ նրանք իրենց առաքելությունը պետք է իրականացնեն հանուն մեր երեխաների: Պետք է իրենց գործը անեն։ Ինչ վերաբերվում է տնօրենի աշխատանքին, ասել, որ նա չի կարողանում ստեղծված խնդիրը կարգավորել եւ աշխատել, կդիտարկվի միակողմանի, քանի որ պետք է կոլեկտիվն էլ աշխատի, որպեսզի տեսնենք՝ տնօրենը կարողանո՞ւմ է աշխատել, թե՞ ոչ»,- մեզ հետ զրույցում ասաց նախարարի խոսնակը։
Ըստ Մելիքբեկյանի՝ նախարարությունն էլ իր հերթին չի անտեսում խնդիրը: Հարցին՝ իսկ այդ դեպքում ինչո՞ւ չի հաջողվել 40 օրվա ընթացքում կարգավորել իրավիճակը, պատասխանեց․ «Խնդիրը նախարարության ուշադրության կենտրոնում է։ Անձամբ ԿԳՄՍ նախարարն է հետեւում ընթացքին։ Մենք պարբերաբար հանդիպումներ ենք ունենում մանկավարժական կոլեկտիվի եւ տնօրենի հետ եւ փորձում ենք կողմերին հանդուրժողականության եւ ընդհանուր իրավական դաշտ բերել, որովհետեւ ընտրությունը արդեն կայացել է, երկու թեկնածուներն էլ հավաքել են հավասար ձայներ։ Գործող կարգի համաձայն՝ նախարար Դումանյանը ընտրություն է կատարել։ Որոշակի քայլեր ձեռնարկվում են, հանդիպումներ են լինում։ Այնպես չէ, որ բարձիթողի իրավիճակ է»։
Անդրադառնալով նաեւ այն հարցին, թե երեկ դպրոցի անձնակազմը հայտարարեց, որ գործադուլը շարունակվելու է եւ կդադարի այն ժամանակ, երբ դատարանի կողմից գործադուլը ճանաչվի անօրինական՝ նախարարի խոսնակը ասաց, որ չի ցանկանում դա մեկնաբանել։ Հարցին՝ իսկ կարիք չկա՞ դպրոցում նոր մրցույթ հայտարարել եւ անցկացնել, Գեղամ Մելիքբեկյանը պատասխանեց՝ ժամանակը ցույց կտա։
Հիշեցնենք, որ Աբովյան քաղաքի այս դպրոցում հունվարի 25-ին տեղի էր ունեցել տնօրենի թափուր պաշտոնի մրցույթ, որտեղ երկու թեկնածուներն էլ՝ արդեն նախկին տնօրեն Մետաքսյա Բաբայանը եւ նորանշանակ տնօրեն Քարմիլե Առաքելյանը, ստացել էին հավասար ձայներ: Օրենքով սահմանված կարգով երկու թեկնածուների միջեւ ընտրություն էր կատարել ԿԳՄՍ նախարարը՝ նախապատվությունը տալով Քարմիլե Առաքելյանին, որը մինչ այս ուսուցիչ էր աշխատում այլ դպրոցում: N1 դպրոցի անձնակազմը համաձայն չէ նախարարի որոշման հետ: Ուսուցիչները փետրվարի 3-ից գործադուլ են իրականացնում՝ պահանջելով, որ նոր տնօրենը հեռանա, իսկ իրենց նախկին տնօրեն Մետաքսյա Բաբայանը վերանշանակվի նախկին պաշտոնում: Նոր տնօրենն էլ ուսուցիչների գործադուլն անօրինական ճանաչելու համար դիմել է դատարան։ Բացի այդ, աշխատանքից ազատել է մի խումբ աշխատակիցների, աշակերտներից ավելի քան երկու տասնյակի ծնողները երեխաներին տեղափոխել են հանրակրթական հաստատություններ:
Մերի Խաչատրյան