Գլխավոր Մարզեր ԿՈՏԱՅՔ Նորանշանակ տնօրենը սադրում է աշակերտներին, բաժանում խմբերի, հանում իրար դեմ. Աբովյանի թիվ...

Նորանշանակ տնօրենը սադրում է աշակերտներին, բաժանում խմբերի, հանում իրար դեմ. Աբովյանի թիվ 1 դպրոցի նախկին ուսուցիչ

0

Աբովյանի թիվ 1 ավագ դպրոցի նորանշանակ տնօրենը սադրում է աշակերտներին, բաժանում խմբերի, հանում իրար դեմ:

Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց դպրոցի պատմության ուսուցիչ Հայկ Փայտյանը՝ անդրադառնալով դպրոցում փետրվարի 3-ից նորանշանակ տնօրեն Քարմիլե Առաքելյանի հրաժարականի պահանջով գործադուլին եւ դասադուլին, եւ դրան հաջորդած զարգացումներին:

«Այսօր դպրոցում գտնվող մեր ուսուցիչներից իմացել եմ նաեւ, որ երեխաների միջեւ վիճաբանություն եւ քաշքշուկ է տեղի ունեցել: Ու այդ ամենը կատարվում է ոստիկանների աչքի առջեւ, իսկ նրանք ոչինչ չեն անում, կանգնած նայում են: Ես եւ դպրոցի նախկին տնօրենը ահռելի ջանքեր ենք գործադրում, որպեսզի այդ սադրանքները կանխենք: Մենք բնականաբար անհանգստացած ենք, հենց մտնում ենք դպրոց՝ ոստիկանները շղթա կազմած չեն թողնում մտնել դպրոց, քանի որ հեռացված ենք աշխատանքից»,- նշեց նա:

Փայտյանը տեղեկացրեց, որ այսօր դպրոցի ուսուցչական կազմը գնացել է ՀՀ Կառավարության Քաղաքացիների ընդունելության եւ դիմումների քննարկման վարչություն եւ քննարկել  դպրոցում օրեցօր թեժացող իրավիճակը: «Կառավարությունում ասացին, որ դիմենք վարչապետին: Մենք էլ այնտեղ դիմում գրեցինք վարչապետին՝ նկարագրելով ներկայիս իրավիճակը դպրոցում»,- ասաց նա:

Ուսուցիչը պատմեց նաեւ, որ հաճախ անծանոթ մարդիկ են հայտնվում դպրոցում. «Տնօրենը տղաներ է բերում, որոնք ՔՊ անդամներ են: Եվ դա ապացուցվել է իմ հրապարակած ուղիղ եթերներից մեկի ժամանակ, որտեղ երեւում է կուսակցության խորհրդի անդամներից մեկը: Անընդհատ գալիս են, 6-7 մեքենաներով կանգնում դպրոցի դիմաց»,- նշեց Փայտյանը:

Հիշեցնենք, որ Աբովյանի N1 դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները դասադուլ եւ գործադուլ են անում փետրվարի 3-ից՝ բողոքելով նոր տնօրենի՝ Քարմիլե Առաքելյանի նշանակման դեմ: Դպրոցի աշխատակիցների խոսքով՝ նորանշանակ տնօրենը շրջակա միջավայրի նախարար, Կոտայքի նախկին մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի ընտանիքի մտերիմն է եւ նրա հովանավորությամբ է նշանակվել տնօրեն։ Ռոմանոս Պետրոսյանը հերքում է իր ընտանիքի կապը նորանշանակ տնօրենի հետ։

Դպրոցի անձնակազմը եւ աշակերտները ցանկանում են որպես տնօրեն տեսնել նախկին տնօրեն Մետաքսյա Բաբայանին։ Քարմիլե Առաքելյանը հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարվել պաշտոնից։

Մեկնաբանել