Գլխավոր Մարզեր ԿՈՏԱՅՔ Կոտայքի մարզպետը հանդիպում է գյուղերի բնակիչների հետ

Կոտայքի մարզպետը հանդիպում է գյուղերի բնակիչների հետ

0

 Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանն աշխատանքային հերթական այցով եղել է մարզի Արզնի, Քանաքեռավան, Մրգաշեն, Նոր Արտամետ եւ Գետամեջ համայնքներում:

Փոխմարզպետ Վասակ Վարդանյանի, համայնքի ղեկավարների, մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաների ուղեկցությամբ մարզի ղեկավարը շրջել է համայնքներում սուբվենցիոն տարբեր ծրագրերով իրականացվող շինարարական հրապարակներում, ծանոթացել կատարվող աշխատանքներին:
Համայնքապետարաններում մարզպետին են ներկայացրել նաեւ առաջիկա ծրագրերը:

Մեսրոպ Մեսրոպյանի աշխատանքային այցը մեկնարկել է Արզնի համայնքի Հայ-ասորական մշակույթի տնից, որը վերակառուցվում է Կառավարության 2020 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակում: Շենքն ամբողջությամբ հիմնանորոգվում է, իսկ երկրորդ հարկում կառուցվում է հանդիսությունների սրահ: Աշխատանքները նախատեսված են ավարտել օգոստոսին:
Մարզպետը եղել է նաեւ սուբվենցիոն ծրագրով վերանորոգված համայնքային մանկապարտեզում, հետեւել կորոնավիրուսային համավարակի շրջանում կրթօջախի գործունեությանը:

Հաշվի առնելով նաեւ վերջին ժամանակներում հանրապետությունում համավարակի կրկին ակտիվացումը՝ մարզպետն աշխատակիցներին հորդորել է խստագույնս պահպանել հակահամաճարակային բոլոր կանոնները:

Մարզպետին ներկայացվել է, որ համայնքում նախորդ տարի եւս մեկ սուբվենցիոն ծրագրով ասֆալտապատվել են ներհամայնքային ճանապարհները:

Այս տարի համայնքից Կառավարության հաստատմանն է ներկայացվել 5 սուբվենցիոն ծրագրային հայտ, որով նախատեսում են իրականացնել ներհամայնքային եւս մի քանի փողոցների ասֆալտապատում, լուսավորության անցկացում, ավտոկայանատեղիի, մինի մարզադաշտի կառուցում եւ համայնքապետարանի վարչական շենքի վերանորոգում:

Արզնիից մարզպետն ուղեւորվել է Քանաքեռավան համայնք, որտեղ նախորդ տարի 6 սուբվենցիոն ծրագիր է կյանքի կոչվել՝ գազատարի եւ ջրագծի, ինչպես նաեւ լուսավորության համակարգի անցկացում, մանկապարտեզի եւ մշակույթի տան վերանորոգում, ներհամայնքային փողոցների ասֆալտապատում։

 Քանաքեռավանում մարզպետն այցելել է մշակույթի տուն, ծանոթացել ընթացող աշխատանքներին: Մշակույթի տան կահավորման եւ մանկապարտեզի գույքի ձեռքբերման նպատակով այս տարի համայնքը սուբվենցիոն ծրագրային հայտ է ներկայացրել Կառավարություն: Բացի նշվածից, այս տարի եւս 4 սուբվենցիոն ծրագրեր են նախատեսում իրականացնել համայնքում՝ արդիականացնել ջրամատակարարման համակարգը, անցկացնել գիշերային լուսավորություն, իրականացնել գազաֆիկացում, ինչպես նաեւ ասֆալտապատում՝ քարապատման (խճապատման) եղանակով։

Այցի շրջանակներում մարզպետը եղել է նաեւ համայնքի արվեստի դպրոցում, ծանոթացել գործող խմբակներին, հետաքրքրվել անցկացվող միջոցառումներով:

Մեսրոպ Մեսրոպյանը հագեցած օրակարգով աշխատանքային այցը շարունակել է Մրգաշեն, Նոր Արտամետ եւ Գետամեջ համայնքներում:
Մրգաշենում մարզպետի այցը սկսվել է արցախյան պատերազմում զոհված հայորդիների հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ ծաղիկներ խոնարհելով եւ պուրակում ծառ տնկելով:

Մրգաշենի համայնքապետարանում կայացած խորհրդակցության ժամանակ Մեսրոպ Մեսրոպյանին ներկայացվել է, որ համայնքում 2020 թվականի սուբվենցիոն ծրագրերով իրականացվել է ճանապարհի ջրահեռացման առուների հիմնանորոգում եւ նորերի կառուցում, գազաֆիկացում, բազմաբնակարան շենքերի տանիքների եւ մուտքերի վերանորոգում: 2021 թվականին Մրգաշենից ներկայացվել է 3 ծրագրային հայտ՝ գազաֆիկացում, ջրամատակարարման, ջրահեռացման համակարգի կառուցում, համայնքի գլխավոր հատակագծի կառուցում:

Մրգաշենում մարզպետն այցելել է նաեւ համայնքի մանկապարտեզ, որտեղ միայն վերջերս է անցկացվել ջեռուցման համակարգ: Տաք եւ հարմարավետ մանկապարտեզը կգործի արդեն ապրիլի 1-ից:

Նոր Արտամետում 2020 թվականին եղել է սուբվենցիոն 3 ծրագիր՝ ներհամայնքային փողոցների ասֆալտպատում, լուսավորության ցանցի անցկացում եւ ջրահեռացման համակարգի կառուցում: Սուբվենցիոն ծրագրերից ավարտվել է միայն լուսավորության համակարգի անցկացումը, մյուս երկուսի աշխատանքներն ընթացքի մեջ են, կավարտվեն՝ առաջիկայում: Համայնքում առաջիկա օրերին կսկսվի նաեւ Ոռոգման արդիականացման ծրագիրը:

Գետամեջ համայնքում էլ անցած տարվա սուբվենցիոն ծրագրով ջեռուցման համակարգ են անկացրել համայնքապետարանում եւ մշակույթի տանը, որը վերանորոգվել է 2019 թվականին՝ կրկին սուբվենցիոն ծրագրով: Համայնքներում մարզպետը հանդիպումներ է ունեցել նաեւ բնակիչների հետ, լսել նրանց խնդիրներն ու պատասխանել հարցերին:

Մեկնաբանել