Գլխավոր Без рубрики «Սովորե՛լ, գործե՛լ, փոփոխե՛լ» ծրագրի մասնակիցները Սպիտակի քաղաքապետարանում էին

«Սովորե՛լ, գործե՛լ, փոփոխե՛լ» ծրագրի մասնակիցները Սպիտակի քաղաքապետարանում էին

0

2021 թվականի մարտի 24-ին Սպիտակի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ հանդիպում Սպիտակ համայնքի ղեկավար Գագիկ Սահակյանի եւ «Սովորե՛լ, գործե՛լ, փոփոխե՛լ» ծրագրի մասնակիցների միջեւ։ Ծրագիրն իրականացվում է Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի հետ համագործակցությամբ, որի նպատակն է՝ խթանել Սպիտակ համայնքում պատանիների եւ երիտասարդների մասնակցությունը ՏԻՄ թափանցիկ կառավարման, որոշումների կայացման գործընթացներում՝ կարողությունների եւ հմտությունների զարգացման միջոցով, որի շուրջն էլ ծավալվեց հետաքրքիր քննարկում ու բովանդակալից զրույց համայնքի ղեկավարի եւ երիտասարդների միջեւ։ Հանդիպման սկզբում «Սպիտակի երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնի համակարգող Լիլիթ Սինդոյանը շնորհակալություն հայտնեց համայնքի ղեկավարին հանդիպման կազմակերպման համար եւ նշեց, որ ծրագրի շրջանակներում մասնակից երեիտասարդները ձեռք են բերել բավարար գիտելիքներ ՏԻՄ մարմինների, ՏԻՄ գործառույթների եւ ՏԻՄ ընթացակարգերի վերաբերյալ, եւ մասնակիցները հանդիպման են եկել նաեւ առաջարկներով։

Հանդիպման ընթացքում երիտասարդները նշեցին, որ համայնքի զարգացումը տեսնում են հետեւյալ խնդիրների լուծմամբ.

  • Համայնքում աշխատատեղերի ստեղծում,
  • Երիտասարդների համար ժամանցային վայրերի ստեղծում,
  • Ճանապարհների եւ բակային տարածքների բարեկարգում,
  • Կանաչ տարածքների ավելացում,
  • Թափառող շների վնասազերծում:

Ողջունելի էր, որ բացի խնդիրները բարձրաձայնելուց՝ երիտասարդները հանդես եկան նաեւ խնդիրների լուծման իրենց տարբերակներով եւ առաջարկություններով՝

  • Առաջին հերթին համայնքի ղեկավարին առաջարկվեց օրենսդրական փոփոխությունների համար դիմել համապատասխան մարմիններին՝ ավագանու անդամ ընտրվողների համար պարտադիր պայման սահմանել բարձրագույն կրթություն ունենալը,
  • Որպես հեռանկարային առաջարկություն՝ երիտասարդները մեծ ցանկություն հայտնեցին, որ համայնքում լինեն բարձրագույն ուսումնական հաստատությունների մասնաճյուղեր,
  • Ապագայում համայնքում ունենալ զիփլայն, մասնավորապես օգտագործելով Կոնդ թաղամասի լեռնային ռելիեֆը,
  • Թափառող շների համար կառուցել կացարան։

Երիտասարդների կողմից բարձրացված բոլոր հարցերին համայնքի ղեկավարը տվեց սպառիչ պատասխաններ, մասնավորապես նշեց, որ ամեն տարի համայնքի բյուջեի միջոցներով, ինչպես նաեւ պետբյուջեից սուբվենցիոն միջոցներ ներգրավելով՝ իրականացվում են համայնքի ենթակառուցվածքներին ուղղված բազում աշխատանքներ։

Բազմաթիվ հարց ու պատասխաններից հետո՝ հանդիպման մասնակիցներն առիթ ունեցան նաեւ անդրադառնալու Սպիտակ քաղաքի պատմությանը։

Այնուհետեւ երիտասարդները ներկայացրին նաեւ ծրագրի շրջանակներում իրենց մշակած 3 գաղափարները (հուշարձանների QR կոդերի ստեղծում, Սպիտակի պետական քոլեջի բակային տարածքի բարեկարգում,

«Սպիտակի երիտասադների տուն» բաց երիտասադական կենտրոնի բացօթյա տարծքի բարեկարգում) եւ խնդրեցին համայնքի ղեկավարին աջակցել՝ իրենց գաղափարներն իրականություն դարձնելու համար, իսկ Գ.Սահակյանն էլ խոստացավ՝ աջակցել բոլոր ծրագրերի իրականացմանը։

Հանդիպման վերջում Գագիկ Սահակյանը եւս շնորհակակություն հայտնեց ծրագրի մասնակիցներին՝ ՏԻՄ գործունեության ու համայնքի նկատմամբ ցուցաբերած հետաքրքրվածության համար եւ նշեց.

-Գալիք սերունդը պետք է կարողանա վեր կանգնել մանր բաներից, պետության ու համայնքի շահը վեր դասել ամեն ինչից, մեծ ջանքեր ներդնել համայնքում առկա խնդիրները լուծելու եւ բարդությունները հաղթահարելու համար, իսկ համայնքապետարանը մշտապես պատրաստ է աջակցել երիտասարդների բոլոր նախաձեռնություններին, հատկապես որ դրանք ուղղված են համայնքի զարգացմանն ու համայնքի բնակիչների համար բարեկեցիկ կյանքի ապահովմանը։

 

Մեկնաբանել