
«Ապագա» հիմնադրամի կողմից իրականացվող «Ապագայի ֆերմերները» ծրագրի շրջանակում այսօր Կոտայքի մարզպետարանում տեղի է ունեցել նախատեսված հանդիպում նախաձեռնության կազմակերպիչների եւ ծրագրով հետաքրքրված շահառուների մասնակցությամբ:
Հանդիպմանը ներկա էին «Ապագա» հիմնադրամի նախագահ Տաթեւ Այրումյանը, փորձագետներ, Էկոնոմիկայի նախարարության, ինչպես նաեւ Կոտայքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության մասնագետներ:

Տ. Այրումյանը նշել է, որ ծրագիրը փորձնական է, որի շրջանակում Կոտայքի մարզից ընտրված 10 սոցիալապես խոցելի ընտանիքներ կապահովվեն կայուն եկամուտ ապահովող գյուղատնտեսական գործով՝ ճագարաբուծությամբ:
Հաջողության դեպքում հաջորդ տարի Կոտայքի մարզի շահառուների ընդգրկման ծավալները կկրկնապատկվեն մինչեւ տասն անգամ:
Կազմակերպիչները ներկաներին մանրամասն ներկայացրել են ծրագրի նպատակները, դիմելու կարգը եւ ընթացակարգերը:
Հիշեցնենք, որ ծրագրի շրջանակներում ընտանիքներին տրամադրվելու են Ճագարներ + ֆերման, ճագարամայրեր, ճագարների կերը, դեղորայքը եւ անհրաժեշտ ամեն ինչ:
Առավելությունն այն է, որ լուծվելու է նաեւ շուկայի հարցը՝ ստացված պրոդուկտը ամբողջությամբ մթերվելու է, եւ որեւէ շահառու վաճառքի խնդրի առաջ չի կանգնելու: Նշենք նաեւ, որ նախաձեռնությունն իրականացվում է «Միասին կառուցենք արժանապատիվ ապագա» ծրագրի շրջանակում՝ «Ֆիլիպ Մորրիս Արմենիա» ընկերության աջակցությամբ: