Գլխավոր Մարզեր ԿՈՏԱՅՔ Սպանության փորձի կասկածանքով ձերբակալվել է Կոտայքի մարզի 29-ամյա բնակիչը. իջել է BMW-ից...

Սպանության փորձի կասկածանքով ձերբակալվել է Կոտայքի մարզի 29-ամյա բնակիչը. իջել է BMW-ից ու կրակել

0

2021թ. ապրիլի 11-ին՝ ժամ 02:30-ին, «Աբովյան» բժշկական կենտրոնից ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ «կրծքավանդակի հետին մակերեսի, աջից հետին գոտկային շրջանի, աջ բազկի բազմաբեկոր հրազենային վիրավորում, երիկամի եւ լյարդի շրջանում բեկորների առկայությամբ» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Աբովյանի քաղաքի 19-ամյա բնակիչ:

ՀՀ Քննչական կոմիտեից  հայտնում են, որ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2021թ. ապրիլի 11-ին՝ ժամը 01:40-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում, իր կողմից շահագործվող «BMW» մակնիշի ավտոմեքենայից իջնելով, նույն քաղաքի 19-ամյա բնակչին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իր մոտ գտնվող որսորդական հրացանից 2 կրակոց է արձակել վերջինիս ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում չի կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել, քանի որ երիտասարդը տեղափոխվել է բժշկական կենտրոն, որտեղ հաջողվել է փրկել նրա կյանքը:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի (սպանության փորձ) 1-ին մասի հատկանիշներով:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել է որսորդական հրացանի կրակված մեկ պարկուճի պլաստմասե կոնտեյներ: Հայտնաբերվել եւ առգրավվել է հանցագործության գործիք հանդիսացող որսորդական հրացանը:

Կատարված անհետաձգելի քննչական եւ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, որը Կոտայքի մարզի բնակիչ է՝ ծնված 1992թ.:

Վերջինս ինքնակամ ներկայացել է վարույթն իրականացնող մարմին եւ նույն օրը ձերբակալվել:

Դեպքի հանգամանքների շուրջ հարցաքննվել են մի շարք անձինք, կատարվել են առգրավումներ, նշանակվել են դատաձգաբանական եւ դատաբժշկական փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է:

Մեկնաբանել