Գլխավոր Մարզեր ԿՈՏԱՅՔ Մեկնարկել են Հայաստանում առաջին սանիտարական աղբավայրի կառուցման շինարարական աշխատանքները

Մեկնարկել են Հայաստանում առաջին սանիտարական աղբավայրի կառուցման շինարարական աշխատանքները

0

Ապրիլի 14-ին ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան համայնքում տրվել է  «Կոտայքի  եւ Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի» շրջանակում կառուցվող առաջին սանիտարական աղբավայրի շինարարական աշխատանքների պաշտոնական մեկնարկը։ Միջոցառմանը ներկա էին ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Դմիտրի Գվինդաձեն, Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը, Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզպետները,  այլ պաշտոնատար անձինք։

Շինարարության մեկնարկը նախատեսող համաձայնագիր է ստորագրվել ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանի, ՎԶԵԲ  տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Դմիտրի Գվինդաձեի  եւ ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի  միջեւ։

ՏԿԵ նախարար Ս․Պապիկյանը շնորհակալություն է հայտնել միջազգային գործընկերներին՝  արդյունավետ համագործակցության  եւ ծրագրին աջակցելու համար, ինչի արդյունքում ակնկալվում է երկու մարզերում ունենալ բնապահպանական, սոցիալական եւ տնտեսական տեսանկյունից արդյունավետ, ինչպես նաեւ՝ մարդու առողջության ու շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունների նվազեցմամբ աղբահանության համակարգ։

«Այսօր մենք պաշտոնապես մեկնարկում ենք հանրապետությունում Եվրամիության չափորոշիչներին համապատասխան  առաջին սանիտարական աղբավայրի կառուցման աշխատանքները։ Ցանկանում եմ նշել, որ ծրագրի ընթացքում մենք անցել ենք երկար ճանապարհ, ունեցել ենք նաեւ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ դժվարություններ, բայց կարեւորն  այսօրվա շինարարության մեկնարկն է, որի համար շատ ուրախ ենք ողջունելու երկրի համար այս դժվար  պայմաններում նմանատիպ կապիտալ շինարարական ծրագրի մեկնարկը։ Մենք բարձր ենք գնահատում Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի հետ համագործակցությունը հանրապետությունում ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված  տարբեր ոլորտներում, եւ իհարկե մեզ համար կարեւոր նշանակություն ունի նաեւ կոշտ թափոնների կառավարման ոլորտում բանկի հետ մեր արդյունավետ ընթացող գործընկերությունը»,-ասել է նախարարը:

Ս․ Պապիկյանը հավելել է, որ օրերս ՀՀ կառավարության կողմից հավանության է արժանացել «Աղբահանության ոլորտի ռազմավարությունն ու միջոցառումների ծրագիրը», որի կարեւոր բաղադրիչներից է ՀՀ Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզերի ԵՄ նորմերին համապատասխան աղբահանության համակարգի ներդնումը, որը որպես ցուցադրական եւ արդյունավետ օրինակ կհանդիսանա հանրապետության մյուս տարածքներում աղբահանության նմանատիպ համակարգի ներդրման համար։

«ՎԶԵԲ-ը ուրախ է աջակցել Հայաստանին թափոնների կառավարման ժամանակակից համակարգ ներդնելու հարցում։ Իրականացվող ծրագիրը դրական ազդեցություն կունենա բնապահպանության ոլորտի վրա՝ օրինակ ծառայելով Հայաստանի մյուս մարզերի համար»,-նշել է  ՎԶԵԲ-ի  տարաշրջանային գրասենյակի ղեկավար Դմիտրի Գվինդաձեն՝  շնորհակալություն  հայտնելով  ԵՄ-ին  եւ E5P-ին՝  ցուցաբերած աջակցության համար եւ  ծրագրի իրագործմանը մաղթելով հաջող ընթացք։

Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինն  իր ելույթում նշել է, որ այս նախաձեռնությունը համահունչ է շրջակա միջավայրի պահպանության եւ թափոնների կառավարման վերաբերյալ ԵՄ-Հայաստան Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ/CEPA) դրույթներին ու նպաստում է ԵՄ Կանաչ գործարքի նպատակներին: «Այս նախագիծը կօգնի Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզի  համայնքներին ներդնել կոշտ թափոնների համալիր կառավարման համակարգ եւ բարելավել թափոնների հավաքման, այդ թվում՝ տեսակավորման, վերամշակման համակարգը եւ նոր հնարավորություններ ընձեռել տեղական բիզնեսներին», — նշել է նա:

«Կոտայքի  եւ Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի» շրջանակում նախատեսվում է  կառուցել   ԵՄ չափանիշներին համապատասխան սանիտարական աղբավայր՝  իր բոլոր ենթակառուցվածքներով՝ այդ թվում հողի, ստորգետնյա ջրերի եւ օդի աղտոտվածության բացառման համար նախատեսված ենթակառուցվածքներով, ինչպես նաեւ ադմինիստրատիվ շենքերով ու ճանապարհային ուղիներով։ Երկու մարզի  բնակավայրերում կներդրվի   աղբահանության արդյունավետ համակարգ, Կոտայքի մարզի Ակունք եւ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքներում կկառուցվեն աղբի փոխաբեռնման կայաններ։

Շինարարությունը համաֆինանսավորվում է Եվրոպական միության, Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի, Արեւելյան Եվրոպայի էներգախնայողություն եւ շրջակա միջավայրի գործընկերություն հիմնադրամի (E5P) , Եվրոպական հարեւանության ներդրումային հիմնադրամի  (NIF) կողմից:

Ծրագրի ընդհանուր բյուջեն 11,0 մլն եվրո է, որից 5,5 մլն  եվրոն՝ հանդիսանում է վարկային միջոց,  5,5 մլն  եվրոն` դրամաշնորհ: Վերջինիս 3.5 մլն եվրոն  տրամադրվում է Եվրոպական հարեւանության ներդրումային հիմնադրամի կողմից (NIF), իսկ 2,0 մլն եվրոն` Արեւելյան Եվրոպայի էներգաարդյունավետության եւ բնապահպանական գործընկերության հիմնադրամից (E5P): Շինարարությունը նախատեսվում է ավարտել 2022 թվականին։

«Կոտայքի  եւ Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագիրն» իրականացվում է Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի միջեւ 2016 թվականի ապրիլի 5-ին ստորագրված եւ ՀՀ Ազգային ժողովի կողմից վավերացված «Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի» իրականացման միջազգային համաձայնագրի շրջանակում

Մեկնաբանել