
Կառավարությունը հաստատել է ՀՀ մարզերում մշակութային-ժամանցային միջավայրերի ապահովմանը, սոցիալական ձեռներեցության կարողությունների զարգացմանը, ինքնազարգացման հնարավորությունների ընդլայնմանը, կրթական, մշակութային, տեղեկատվական իրադարձությունների իրականացմանն ուղղված միջոցառումների ծրագիր, որի հիմնական շահառուները երիտասարդներն են:
ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ նախարար Վահրամ Դումանյանը, ներկայացնելով նախագիծը, նշել է, որ դեռեւս նախորդ տարի ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհային ծրագրերի շրջանակում մրցութային կարգով ընտրվել են վեց կազմակերպություններ` մարզերում վերոնշյալ ուղղությամբ գործունեություն իրականացնելու համար: Այդ ծրագրերը նախ COVID-19 համավարակի, այնուհետեւ պատերազմի պատճառով չեն իրականացվել: Կառավարության հատկացրած շուրջ 110 մլն դրամ ֆինանսավորմամբ այս տարի այդ ծրագրերը կյանքի կկոչվեն:

Ծրագրերից առաջինով` Վանաձորում՝ Լոռու մարզային գրադարանի մասնաշենքերից մեկում, կբացվի եւ կգործի երիտասարդների ինքնազարգացման, մշակութային-ժամանցային, նորարարական LOFT կենտրոն: Բազմաֆունկցիոնալ կենտրոնը կունենա տեխնիկական, տեխնոլոգիական եւ բովանդակային հագեցվածություն, որը մարզի երիտասարդության համար կապահովի ոչ ֆորմալ կրթության եւ մշակութաժամանցային միջավայր:
Երկրորդ ծրագրով` Արագածոտնի մարզի Բյուրական գյուղում կհիմնվի «Բյուրական մշակութային լաբորատորիան», որը ստեղծարար միջավայրում այլընտրանքային կրթական ծրագրերի, ուսուցման դասընթացների, համաժողովների, հանդիպումների եւ սեմինար-քննարկումների հնարավորություն կապահովի Արագածոտնի մարզի շուրջ 3000 երիտասարդների համար:
Երրորդ ծրագրով` Գյումրիում «ԳՈՒՐԲԱՆ» մշակույթի կենտրոնը հայ եւ օտարերկրացի արվեստագետների մասնակցությամբ կիրականացնի շուրջ 24 մշակութային միջոցառում` նպաստելով հայ եւ օտարերկրացի արվեստագետների երկխոսությանը: Նախագծի առավելությունն այն է, որ չկա տարիքային եւ այլ սահմանափակում։ Ստեղծվելու են համապատասխան միջավայր եւ տարածք, այլ կերպ ասած՝ արվեստանոց՝ ազատ ստեղծագործող արվեստագետների միջեւ երկխոսության, համատեղ գաղափարների մշակման եւ մշակութային արժեքների ստեղծման համար:
Չորրորդ ծրագրով` «Հայ Միասնության Խաչ» բարեգործական մշակութային հասարակական կազմակերպությունն Էջմիածնում կիրականացնի «Հզորացի՛ր, հզորացրու՛» ծրագիրը, որի շրջանակում նախատեսվում է «Ֆրիլանս» հարթակի ստեղծում, սոցիալական ձեռնարկատիրության, վաճառքի իրականացման, մարքեթինգի, գովազդի, անձնային աճի զարգացմանը միտված 40 երիտասարդների վերապատրաստում:
Հինգերորդ ծրագիր` «Լյուպին» երիտասարդական ՀԿ-ն Արագածոտնի մարզի Թալին համայնքում կիրականացնի «Ստեղծարար համայնք» նախագիծը, որի շրջանակում մարզային երիտասարդության համար կկազմակերպվեն դասընթացներ:
Վեցերորդ ծրագրիր` Մասիսի Երիտասարդական կենտրոնում կիրականացվի «Youth Lab» նախագիծը, որի նպատակը տարեկան շուրջ 300 երեխայի ՏՏ ոլորտի ոչ ֆորմալ կրթության ապահովումն է:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով որոշմանը, հույս է հայտնել, որ ծրագիրը լավ արդյունքներ կունենա. «Պետք է հետեւել իրականացման ընթացքին, որպեսզի հիմքում դրված բովանդակությունը ճշգրիտ իրականացվի: Եվ ես հույս ունեմ, որ սրա արդյունքում, այսպես ասած, երիտասարդական միջավայրը մարզերում կփոխվի: Մենք այս ծրագիրը կփորձենք շարունակել՝ նաեւ հնարավորինս լայն տարածում տալու համար, որովհետեւ սա առաջին հերթին զարգացման ծրագիր է»:
Նմանօրինակ նախագծերը շարունակական դարձնելու նպատակով Կառավարության ղեկավարը կարեւորել է մարզերից, մարզային կենտրոններից եւ քաղաքային համայնքներից ներկայացվող առաջարկները: