Ապրիլի 30-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունել է «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Հակոբյանին եւ նույն հիմնադրամի առողջապահական ծրագրերի ղեկավար Զառա Ջանիբեկյանին:
Հիմնադրամի ներկայացուցիչների այցի նպատակն էր` մարզպետին ներկայացնել եւ համատեղ քննարկել հիմնադրամի կողմից Սեւան քաղաքում հիմնած հաշմանդամություն ունեցող երեխաների վերականգնողական կենտրոնի գործունեությանը, նպատակներին եւ խնդիրներին վերաբերող հարցերը:
Նշվում է, որ վերականգնողական կենտրոնը հիմնվել է ՀՀ առողջապահության նախարարության, «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի, Սեւանի համայնքապետարանի եւ Սեւանի բժշկական կենտրոնի միջեւ ստորագրված փոխըմբռնման հուշագրի արդյունքում: Որպես կենտրոնի տարածք տրամադրվել է Սեւանի «Բողբոջ» մանկապարտեզի մի մասնաշենքը, որտեղ էլ «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի կողմից տրամադրած միջոցների հաշվին իրականացված մեկամյա շինարարական աշխատանքներից հետո այն 2021 թվականի ապրիլի 5-ին հանձնվել է շահագործման:
Հաշմանդամություն ունեցող երեխաների համար նախատեսված վերականգնողական այդ կենտրոնի գործունեության նպատակն է՝ բարելավել Սեւան համայնքի եւ նրա հարակից 10 համայնքների ֆիզիկական զարգացման խնդիրներով եւ հաշմանդամություն ունեցող 0-17 տարեկան երեխաների առողջական վիճակը եւ կյանքի որակը, անհրաժեշտ պայմանների ապահովման միջոցով նպաստել երեխաների ճանաչողական եւ ֆիզիկական կարողությունների, խոսքի արտահայտման եւ ընկալման զարգացմանը: Վերականգնողական ծրագիրն իրականացվում է անվճար հիմունքներով, ամբուլատոր բուժման միջոցով:
«Կենտրոնը հնարավորություն ունի տարեկան սպասարկելու 120 երեխայի: Այս պահին Սեւան քաղաքից եւ հարակից համայնքներից դեռեւս հաճախում են 37 տարբեր խնդիրներ ունեցող երեխաներ: Կենտրոնը կահավորված է անհրաժեշտ գույքով եւ սարքավորումներով: Ունենք 14 աշխատակիցներ, որոնք 6-ամսյա դասընթացներ են անցել եւ վերապատրաստվել տարբեր մասնագիտությունների ուղղությամբ» ,- նշել է հիմնադրամի գործադիր տնօրենը:
Խոսելով առաջիկա ծրագրերի մասին՝ Արմեն Հակոբյանը կարեւորեց կենտրոն հաճախող երեխաներին փոխադրամիջոցով ապահովելու, մասնագետների շրջանում ընթացիկ վերապատրաստումներ իրականացնելու, կենտրոնում ծագած խնդիրներին արագ արձագանքելու նպատակով ծնողական ասոցիացիա ձեւավորելու, կենտրոն տանող ճանապարհի բարեկարգման, 2022 թվականին նորաստեղծ կենտրոնը Սեւանի ԲԿ-ի ենթակայությանը հանձնելու նպատակով իրավական ձեւակերպումների, ինչպես նաեւ մեծահասակների համար եւս նոր վերականգնողական կենտրոն ստեղծելուն վերաբերող հարցերը:
«Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի տնօրենը Գեղարքունիքի մարզպետի հետ խոսեց նաեւ հիմնադրամի կողմից մարզում իրականացվող համայնքային զարգացման, կրթական, վերականգնողական եւ այլ բնույթի ծրագրերի մասին:
«Ես մեծապես կարեւորում եմ «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի կողմից Գեղարքունիքի մարզում իրականացված եւ ընթացքի մեջ գտնվող շատ ու շատ ծրագրերի դերը: Դուք մարզում կարգավորում եք թիրախային բազմաթիվ հարցեր: Իմ երախտագիտությունն եմ հայտնում այդ առումով եւ ակնկալում, որ մեր համագործակցությունը կլինի շարունակական եւ պարբերաբար կգրանցի տեսանելի ու շոշափելի արդյունք: Գեղարքունիքի մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարների եւ անձամբ իմ անունից պատրաստակամություն եմ հայտնում աջակցել ձեզ՝ բոլոր նախաձեռնություններում, որպեսզի դուք մարզի համայնքներում խոչընդոտների չհանդիպեք»,- հանդիպումը եզրափակել է Գեղարքունիքի մարզպետը:
Գնել Սանոսյանը պատրաստակամություն հայտնեց՝ առաջիկա օրերի ընթացքում այցելել եւ ծանոթանալ կենտրոնի գործունեությանը: