Մայիսի 9-ը՝ Հաղթանակի և խաղաղության տոնը Կապանում անցկացվեց ոչ թե տոնական միջոցառումների կազմակերպմամբ, այլ խոնարհումի և հարգանքի լուռ երթով:
Այսօր Կապանի համայնքապետարանի աշխատակիցները՝ համայնքի ղեկավարի տեղակալների գլխավորությամբ ծաղիկներ դրեցին Խորհրդային Միության հերոս Հունան Ավետիսյանի հուշարձանին: Այնուհետև Բաղաբուրջի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեցին Հայրենական մեծ պատերազմում զոհված մեր հայրենակիցների հիշատակին՝ թարմ ծաղիկներ խոնարհելով 1941-1945թթ. զոհվածների հիշատակը հավերժացնող հուշակոթողին: Օրվա կապակցությամբ հարգանքի տուրք մատուցելու էին եկել նաև Կապանում տեղակայված ռուսական զորամիավորման և հայկական սահմանապահ զորքերի ներկայացուցիչները, համայնքապետարանի ենթակա կազմակերպությունների աշխատակիցները, կրթական և մշակութային հաստատությունների, հասարակական և այլ կազմակերպությունների ներկայացուցիչները: Ներկաները այցելել են նաև Կապանի Շմավոն Մովսիսյանի անվան պատմության թանգարան, շրջել թանգարանի սրահներում և ծանոթացել ցուցադրված նմուշներին:
Օրն ամփոփվել է Հայրենական մեծ պատերազմին մասնակցած վետերաններ՝ Ժորա Մկրտչյանի և Աշոտ Դավթյանի տներ այցելությամբ: Կապանում տեղակայված ռուսական զորամիավորման, հայակական սահմանապահ զորքերի ներկայացուցիչները և համայնքի ղեկավարի տեղակալ Մեսրոպ Արզումանյանը շնորհավորել են նրանց Հաղթանակի և խաղաղության տոնի կապակցությամբ, հանձնել նվերներ՝ ի նշան երախտագիտության և հարգանքի։