
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ՀԺ-ի հետ զրույցում մեկնաբանել է մամուլում հրապարակված տեղեկությունները՝ թշնամու կողմից Վարդենիսի շրջանում դիրքերը 3 կմ առաջ տալու մասին:
Ըստ նրա՝ տեղի է ունեցել հետեւյալը. «Այն հատվածը, որը նոյեմբերի 9-ից հետո հաստատվել է որպես հայ-ադրբեջանական սահման, այդ հատվածում կան վայրեր, որտեղ ձմռանը եղանակային պայմաններից ելնելով ադրբեջանական կողմը մշտական դիրքեր չուներ եւ այնտեղ չէին տեղակայվել: Հիմա եկել են, այդտեղ որոշ տեղերում տեղեկայվում են, եւ մերոնք էլ այնտեղ են, ուշադիր են, որոշակի ճշգրտումներ են անում, որպեսզի ադրբեջանցիները տեղակայվեն այնտեղ, որտեղ պետք է տեղակայվեն: Ընդամենը այսքանն է պրոցեսը:

Այսինքն այն հատվածներում, որտեղ որ նրանք ենթադրյալ պետք է նստեին, բայց ձմեռը չեն նստել, տեղում դիրքերը չեն ամրացրել, հիմա դա են անում, մերոնք էլ էնտեղ են, որպեսզի ուշադիր լինեն, որ անճշտություններ չլինեն կամ մեր հատվածում չնստեն: Եթե այդպիսի դեպք լինի՝ հետ գնան, նստեն այնտեղ, որտեղ պետք է իրենք տեղակայվեն»:
Հարցին՝ այսինքն հիմա իրավիճակը հանգի՞ստ է՝ մարզպետը պատասխանեց. «Հանգիստ է, որեւէ այլ արտառոց միջադեպ չկա, մեր զորքերը ամբողջ իրավիճակին տիրապետում են»:
Այսինքն խոսք չկա՞ մեր սահմանից ներս մտնելու, առաջ գալու մասին՝ փորձեցինք ճշտել. «Ոչ, մերոնք տեղում են, ամեն ինչ իրենց հսկողության տակ է, բախումներ, կրակոց չի եղել»: