
Հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցող ուժերն այս օրերին զբաղված են նախընտրական շտաբների կազմավորման աշխատանքներով։Այս մասին հայտնում է`armtimes.com-ը:
Որոշ քաղաքական ուժեր արդեն վերջնական որոշում ունեն, թե ինչ ձեւաչափով են հանդես գալու ընտրություններին, ոմանք էլ դեռ մտորումների մեջ են։ Երեկվա դրությամբ ընտրություններին մասնակցելու ձեւաչափի վերջնական որոշում ունեին հետեւյալ ուժերը. «Քաղաքացիական պայմանագիր», «Բարգավաճ Հայաստան», «Հանրապետություն», «Լուսավոր Հայաստան», «Ալյանս» կուսակցությունները, որոնք հանդես կգան միայնակ, «Հայաստանի Հանրապետական» եւ «Հայրենիք» կուսակցությունները հանդես կգան դաշինքով, ՀՅԴ-ն եւ «Վերածնվող Հայաստանը» նույնպես դաշինքով՝ Ռոբերտ Քոչարյանի հետ։

Անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի հիմնած «Հանուն Հանրապետության» կուսակցությունը նույնպես մասնակցելու է խորհրդարանական ընտրություններին, սակայն ձեւաչափի մասին տեղեկություններ դեռեւս չկան։ Կուսակցության անդամ Ռուբեն Մեհրաբյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց.
«Ինտենսիվ հանդիպումներ, կոնսուլտացիաներ են ունենում, որպեսզի վերջնական որոշման հանգենք։ Գործընթացը շարունակվում է։ Առնվազն մեկ բան կարող եմ ասել, որ մեր կուսակցությունը մասնակցելու է ընդլայնված կազմով, այսինքն լինելու են ցուցակում մարդիկ, ովքեր կուսակցության անդամ չեն, օրինակ՝ փաստաբան Սեդա Սաֆարյանը»։
Դիտարկմանը՝ մամուլում տեղեկություններ են շրջանառվում, որ ՊՎԾ նախկին ղեկավար Դավիթ Սանասարյանն իրենց կուսակցության ցուցակով է առաջադրվելու, Մեհրաբյանն ասաց, որ Սանասարյանի հետ քննարկումներ ունեցել են. «Չեմ կարող 100 տոկոսով նման բան ասել, քննարկում եղել է, վերջնական որոշում դեռեւս չկա»,-նշեց Մեհրաբյանը, հավելելով, որ ընտրությունների մասնակցության ձեւաչափի եւ այլ մանրամասների մասին հայտնի կդառնա առաջիկա օրերին:
«Քաղաքացու որոշում» կուսակցությունը, որը մասնակցել է 2018 թվականի խորհրդարանական ընտրություններին, այս տարի վերջնական որոշման մասին կհայտնի խորհրդի նիստ անելուց հետո։: «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը ՀԺ-ի հետ զրույցում նշեց, որ ընտրություններին մասնակցելու, դրա ֆորմատի եւ այլ մանրամասների մասին քննարկելու են խորհրդի նիստում, որի օրը դեռեւս որոշված չէ։
«Ալյանս» կուսակցության ղեկավար Տիգրան Ուրիխանյանը ՀԺ-ին փոխանցեց, որ ընտրություններին մասնակցելու մանրամասները հայտնի կդառնան մայիսի 15-ին, կուսակցության համագումարում, որը տեղի կունենա Կառավարության նիստերի դահլիճում։ Ուրիխանյանը մեզ նաեւ հայտնեց, որ «Ալյանս» կուսակցությունը հուշագիր կստորագրի «Ռուսաստանի հայերի միության» հետ: «Փոխգործակցության հուշագիր է ստորագրվելու մեր եւ միության միջեւ»,- հավելեց նա: Հարցին՝ հնարավո՞ր է՝ «Ռուսաստանի հայերի միության» ղեկավար Արա Աբրահամյանն արտահերթ ընտրություններին ներկայանա «Ալյանս» կուսակցության ընտրացուցակով, Տիգրան Ուրիխանյանը կոնկրետ պատասխան չտվեց: «Կա համագործակցություն Արա Աբրահամյանի հետ ու միշտ եղել է, սա առաջին անգամը չէ»։ Ճշտող հարցին՝ ի՞նքն է գլխավորելու կուսակցության ցուցակը, Տիգրան Ուրիխանյանը նշեց. «Դժվար է ասել։ Համագումարի ընթացքում ընտրություն կլինի»։
ԲՀԿ պատգամավոր Շաքե Իսայանն էլ ՀԺ-ին միայն փոխանցեց, որ ընտրությունների ընթացքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գրասենյակի աշխատանքները համակարգելու է ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Վարդանյանը. «Կարգախոս, ընտրացուցակում ներգրավվածներ, ընտրական ծրագիր, այս ամենը հիմա քննարկումների փուլում է։ Մոտ ժամանակներս ամեն բան արդեն վերջնական պարզ կլինի» ։ Նշենք, որ ԲՀԿ ցուցակը գլխավորելու է կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը ։
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը մայիսի 15-ին «Մարիոթ» հյուրանոցում պատրաստվում է համագումար հրավիրել։ Կուսակցության անդամ Դավիթ Խաժակյանը մեզ հետ զրույցում նշեց, որ կուսակցության՝ ընտրություններին մասնակցելու հանգամանքի հետ կապված մանրամասների մասին հայտնի կդառնան հենց այդ օրը։ Նշենք, որ ավելի վաղը ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտնել է, որ կուսակցության ցուցակն ինքն է գլխավորելու, իսկ գրասենյակի ղեկավար կլինի Դավիթ Խաժակյանը։
«Հանրապետություն» կուսակցության ընտրական ցուցակն էլ կգլխավորի Արամ Սարգսյանը։ Այլ մանրամասներ կուսակցության անդամ Անի Խաչատրյանը չհայտնեց։ Նշեց, որ ունեն մի քանի թեկնածու գրասենյակի ղեկավարի համար, սակայն դեռ վերջնական որոշում չունեն։ Նախընտրական ծրագրի, կարգախոսի, ընտրական ցուցակների մասին նույնպես Խաչատրյանը կոնկրետ պատասխան չտվեց, նշելով, որ շուտով հայտարարություն կանեն։
ՀՀԿ եւ «Հայրենիք» կուսակցությունների դաշինքը կոչվելու է «Պատիվ ունեմ», որը գլխավորելու է «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, ՀԺ-ին հայտնեց «Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը, սակայն այլ հարցերի չպատասխանեց։ Հակոբյանը նկատեց, որ դեռեւս դաշինքի ստեղծման պաշտոնական արարողություն չի եղել: «Ստորագրումից հետո նոր այլ մանրամասներ կհայտնենք»,- ասաց կուսակցության մամուլի խոսնակը։
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում: