«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը Սյունիքում իրավիճակի մասին ասել էր, որ երկու տարբերակ կա՝ կա՛մ դա պայմանավորվածության արդյունք էր, կա՛մ գործող իշխանությունների ապիկարության, անգործության: Այն, որ իշխանությունները չէին կարող անտեղյակ լինել առաջնագծի կահավորման անհրաժեշտության մասին՝ փաստ է, որովհետեւ Սյունիք հակառակորդի ներխուժումից մոտ 10 օր առաջ նույնիսկ ԱԺ հատուկ նիստում էին Փաշինյանին զգուշացնում դրա մասին: «Իմ քայլը» լքած պատգամավոր Թագուհի Թովմասյանը երբ Նիկոլ Փաշինյանին հարցրեց՝ Սյունիքում ու Գեղարքունիքի մարզում ունե՞նք կահավորված առաջնագիծ՝ Փաշինյանը բարկացավ. «Միանգամից կոորդինատներով, քարտեզներով հրապարակեք, ասեք, այստեղ մի քիչ ուժեղ ենք, այստեղով չարժե հարձակվել»:
Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում Տիգրան Աբրահամյանը հարցին՝ Սյունիքը մեր դարպասն է, դուք ինչպե՞ս եք դիտարկում մի տարբերակ, որ կարող է չգիտակցեին ու չկահավորեին այս 6 ամիսներին առաջնագիծը՝ պատասխանեց. «Նախ, այն, ինչի մասին խոսում էր Թագուհի Թովմասյանը, որեւէ ձեւով պետական, ծառայողական գաղտնիք չէր հանդիսանում: Ադրբեջանը այսօր հնարավորություն ունի հետախուզման տարբեր միջոցներով հայթայթել այդ տեղեկատվությունը: Երկրորդը՝ այն, որ Ադրբեջանը այդ ուղղություններով անցում է կատարել, արդեն իսկ խոսում է այն մասին, որ ինքը դրա մասին եղել է տեղեկացված, այդ սահմանները վաղուց արդեն ուսումնասիրված, հետախուզված են եղել: Սրա հետ կապված նաեւ եղել են բազմաթիվ հրապարակային հայտարարություններ: Ես ինքս դեկտեմբերին, հունվարին, փետրվարին բազմիցս հայտարարել եմ, որ գլխավոր խնդիրը սահմանների այն հատվածների կահավորումն է, որտեղ նոր իրողություններով պայմանավորված չենք ունեցել համապատասխան բնագծեր:
Համոզված եմ, որ ԶՈՒ-ն, ՊՆ համապատասխան անձինք հասկանում են այս նվազագույն խնդիրները, բայց ցավալիորեն 6 ամսվա ընթացքում դա որեւէ ձեւով չի կարգավորվել: Այսինքն, այս իրավիճակում չենք կարող դիտարկման չենթարկել նաեւ դիտավորյալ որեւէ պայմանավորվածության, կամ շահագրգռության պայմաներում սահմանների այս հատվածը չկահավորելու տարբերակը»: Անվտանգության խորհրդի նիստում վարչապետի պաշտոնակատարն ասաց, որ կան ուժեր, որոնք պրոադրբեջանական քարոզչություն են տանում, մեր երկրում գործում են Ադրբեջանի տեղեկատվական պայքարի գործակալներ:
Մանրամասները`սկզբնաղբյուր կայքում:




