Եթե ՀՀ տարածքից Ադրբեջանին անկլավներ տրվեն, դա կլինի մեր արժանապատվության վերջնակետը. խորհրդային տարիներին մեր տարածքից արհեստականորեն անկլավներ են տրվել Ադրբեջանին, սահմաններ են գծվել՝ հաշվի չառնելով ճանապարհների տեղակայումը: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք է հայտնել աշխարհագրագետ, քարտեզագետ, ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտոր Ռուբեն Գալչյանը:
«Մեր գյուղացիները դեռևս խորհրդային տարիներին պահանջել են Մոսկվայից, որ իրենց տարածքները չտան Ադրբեջանին, բայց այնտեղից պատասխանել են, թե որոշումն արդեն կայացված է: Երևան-Գորիս ճանապարհի վրա է գտնվում Տիգրանաշենը, որը փաստորեն, հանձնվելու է: Ինչպե՞ս կարելի է մեր հիմնական ճանապարհը դնել այլ երկրի հսկողության տակ, այն փակելով՝ կտրվում է հաղորդակցությունը մեր հարավի հետ»,- ասել է քարտեզագետը:
Ըստ Գալչյանի՝ Տավուշի մարզի երկայնքով Ադրբեջանի սահմանը գծվել է՝ սեպի պես մխրճվելով մեր սահմանի մեջ, որ Իջևան-Նոյեմբերյան մայրուղին անցնի այլ երկրի տարածքով. «Երևան-Նոյեմբերյան-Թբիլիսի ավտոճանապարհը ցանկացած պահի կարող է փակվել, եթե տանք այդ անկլավները: Այս սահմանները գծվել են 1920-ականներին, վավերացվել են 1929-ին, վերավավերացվել 1969-ին: Շուռնուխն, օրինակ, 1922 թ.-ին մինչև 8 կմ արևելք ՀՀ տարածք էր, այս անկլավները գոյություն չունեին, Հայաստան էին նաև Ալ լճերը, որը ջրի կարևոր աղբյուր է»:
Գիտնականի կարծիքով՝ խորհրդային քարտեզները ևս իրարից տարբերվում են, օրինակ՝ 1920-ականներին կար Կարմիր Քրդստան՝ կազմավորված ներկայիս Քարվաճառի, Քաշաթաղի, Արևելյան Սյունիքի հողերի վրա, ապա այն հանձնվեց Ադրբեջանին. «Ինչո՞ւ ենք մենք պարտադրված ընդունում ադրբեջանական քարտեզները, մենք ունե՞նք իշխանություն, որն ունակ է որոշումներ կայացնելու: Մեզ համար ամենանպաստավորը 1926 թ.-ի քարտեզն է, որը վավերացված է ԽՍՀՄ ԶՈւ ԳՇ-ի կողմից, դրա բնօրինակը Մոսկվայում է և հույժ գաղտնի է, այն մեզ չեն տրամադրում: Խորհրդային իշխանությունն ինչ-ինչ հաշվարկներով գծել է մեր սահմանները, բայց նույն 1926 թ.-ի քարտեզով Կապանի շրջանի տարածքը, Սև լիճը, հարակից շրջանները ՀԽՍՀ-ի մաս են»:
Ռուբեն Գալչյանի պնդմամբ՝ 1922-29 թթ. Մոսկվան ՀԽՍՀ-ի սահմանակից տարածքների մի մասը հանձնել է Ադրբեջանական ԽՍՀ-ին՝ իբրև արոտավայրեր, այնուհետև վավերացվել են արդեն նոր սահմանները: «Կարմիր Քրդստանի չեղարկումից հետո մեր հողերը մնացին Ադրբեջանին, իսկ խորհրդային քարտեզագրության մեջ դրանք ամրագրվեցին իբրև Հայաստանի և Ադրբեջանի սահմաններ: Արցախում խորհրդային տարիներին էլ էին հայեր ապրում, ինչո՞ւ այն անկլավ չէր: Ազգային կազմը բնավ ընդունելի հիմք չէ քարտեզ կազմելու համար, Հայաստանում կան հունաբնակ գյուղեր, հո դրանք Հունաստանին չե՞ն պատկանելու: Նախկին անկլավներն Ադրբեջանին տալը հակապետական և հակազգային մոտեցում է»,- ամփոփել է ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտորը:
Դավիթ Սարգսյան
Տեսանյութը` ArmNews-ի:




