
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել՝ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.

Արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանին ազատել զբաղեցրած պաշտոնից»,- ասված է հրամանագրում:
Հիշեցնենք՝ այսօր ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հրաժեշտի հանդիպում էր ունեցել ԱԳՆ անձնակազմի հետ: Հանդիպման ժամանակ նա նշել էր. «Ես շատ դժվարությամբ եմ այս որոշումն ընդունել, բայց երբ ստանձնել եմ այս պաշտոնը, ինձ համար եղել է մի չափանիշ. այս նախարարությունը, որ ծնունդն է անկախության, պետք է անշեղորեն պաշտպանի մեր ինքնիշխանությունը, մեր անկախությունը, մեր պետական, ազգային շահերը։ Հուսով եմ, որ ձեզ ամոթով չեմ թողել, և իմ հրաժարականի որոշումը պայմանավորված էր հենց այդ պատճառով, որպեսզի երբևիցե որևէ կասկած չլինի, որ այս նախարարությունը կարող է ինչ-որ քայլ անել կամ համաձայնություն տալ ինչ-որ գաղափարների, նախաձեռնությունների, որոնք մեր պետականության, մեր ազգային և պետական շահի դեմ են եղել»։