Գլխավոր Մարզեր ԱՐՄԱՎԻՐ Պարզվել է Էջմիածնում նռնակի պայթյունից մահացած անձի ինքնությունը (տեսանյութ)

Պարզվել է Էջմիածնում նռնակի պայթյունից մահացած անձի ինքնությունը (տեսանյութ)

0

Ինչպես տեղեկացրել ենք, Էջմիածնի 33-ամյա բնակիչը ծեծել է հորը, ապա քաշել է նռնակի պայթուցիչի օղակը և սպառնացել պայթեցնել հորը, որին, սակայն, հաջողվել է փախչել։ Այնուամենայնիվ, նա պայթեցրել է նռնակը, ինչի հետևանքով ներկա գտնվող ազգականը մահացել է։ Ինքը եւս մահացել է հիվանդանոց տեղափոխելուց հետո։

Ոստիկանությունը նոր մանրամասներ է ներկայացրել․

Հունիսի 26-ին, ժամը 22.15-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Էջմիածնի Խաչատրյան փողոցի թիվ 33 տանը նռնակ է պայթել։ Հաղորդումը ստանալուն պես բաժնի օպերատիվ խումբը մեկնել է դեպքի վայր։ Դեպքի վայր են գնացել նաև դատախազության, քննչական կոմիտեի ծառայողներ, հրշեջ-փրկարարներ ու փորձաքրեագետներ։ Հյուրասենյակում տղամարդու դի է եղել։

Պարզվել է ինքնությունը. Էջմիածնի Մայիսյան փողոցի բնակիչ էր, 48 տարեկան։ Վնասվածքներով «Վաղարշապատ» բժշկական կենտրոն էր տեղափոխվել նաև տան 33-ամյա բնակիչը։ Նրա վնասվածքները ևս կյանքի հետ անհամատեղելի էին. կեսգիշերն անց տղամարդը մահացել է։

Օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների շնորհիվ պարզվել է հետևյալը։ Հիվանդանոցում մահացած 33-ամյա տղամարդը, ալկոհոլի ազդեցության տակ, տանը վիճել էր 60-ամյա հոր հետ ու ծեծել նրան, ապա ննջարանից նռնակ է վերցրել, քաշել պայթուցիչի օղակն ու հորը սպառնացել, թե կպայթեցնի նրան։ Հայրը փախել է։ Նռնակով զինված տղամարդը տուն է կանչել ազգականին։

Հյուրասենյակում զրուցելիս նռնակը պայթել է, ինչի հետևանքով ազգականը՝ տեղում, իսկ ինքը հիվանդանոցում մահացել է։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են նռնակի մետաղական օղակն ու ինքնաձիգի փամփուշտներ: Հարուցվել է քրեական գործ։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։

Մեկնաբանել