Գնահատման եւ թեստավորման կենտրոնը չի բացահայտում սույն կենտրոնի պաշտոնատար անձ հանդիսացող եւ «Օտար լեզու» առարկայի միասնական քննական թեստերի համահեղինակին, ով այսօր կալանավորվել է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեղադրանքով:
Նշենք, որ ԱԱԾ-ն այսօր հայտնել էր, որ բացահայտել է «Օտար լեզու» առարկայի միասնական քննական թեստերի համահեղինակի կողմից քննությունների մասնակիցներից մեկին թեստերը նախապես տրամադրելու, դրանց պատասխանները տալու եւ փոխարենը 3000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու դեպք: Դատարանի որոշմամբ՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, իսկ կաշառք տված և կաշառք տալուն օժանդակած անձինք խոստովանական ցուցմունքներ տալուց հետո ստորագրությամբ ազատ են արձակվել:
«Ազգային անվտանգության ծառայության այսօրվա հայտարարությունը մենք, բնականաբար, չենք մեկնաբանում, որովհեետեւ գործընթացը իրավական հարթության վրա է, ուստի եւ մեկնաբանություն անելը՝ սխալ։ Ինչ վերաբերում է թեստերի հեղինակներին, ապա ասեմ, որ այդ տվյալները Գնահատման եւ թեստավորման կենտրոնը երբեւէ չի բացահայտում, չի հրապարակում, եթե իհարկե չեն լինում դեպքեր, երբ, օրինակ, որեւէ առարկայի հետ կապված ինչ-որ խնդրահարույց դեպքեր են առաջանում։ Միայն այս դեպքում հնարավոր է, որ թեստերի հեղինակը հարցազրույց կամ պարզաբանում տա թեստերի բովանդակության կամ կոնկրետ ինչ-որ առաջադրանքի վերաբերյալ, մնացյալ դեպքերում անձնական տվյալները չեն բացահայտվում: Դրանք գաղտնիության մեծ բաժին ունեն իրենց մեջ, որը չհրապարակելը, կարծում եմ, ճիշտ է այնքանով, որ այդ մարդիկ կարող են ճնշումների ենթարկվել թեկուզ իրենց ազգականների, հարեւանների, ընկերների, ծանոթների կողմից։ Սա է պատճառը, որ մենք անուններ կամ անձնական տվյալների մանրամասնություններ, մասնագիտական որակներ եւ այլն, չենք կարող փոխանցել: Այսինքն՝ անձին չենք բացահայտի, որովհետեւ այս դեպքի հետ կապված՝ ի վերջո գոյություն ունի անմեղության կանխավարկած, եւ դեպքերից առաջ ընկնելը, չեմ կարծում, որ ճիշտ է»,- նշեց ԳԹԿ մամուլի խոսնակ Խաչանուշ Գրիգորյանը:
Հարցին՝ իսկ վերոնշյալ մասնագետը որքա՞ն ժամանակ է աշխատել ԳԹԿ-ի հետ, միայն ա՞յս տարվա թեստերի հեղինակ է, թե՝ ոչ, Խաչանուշ Գրիգորյանը նշեց, որ այդ տվյալներն էլ են էլ անձը բացահայտող ինֆորմացիա, կարող է նշել միայն, որ նա երկարամյա, փորձառու աշխատող է:
Մեր տեղեկություններով՝ ԱԱԾ բացահայտած դեպքը անգլերեն առարկայի քննական թեստին է վերաբերում, կալանավորված անձն էլ անգլերենի թեստերի ու շտեմարանների համահեղինակ, տարբեր տարիներ ԳԹԿ թեստերի ժողովածուների հեղինակ Լ. Ա.-ն է:
Հիշեցնենք, այս տարի անգլերենի միասնական քննությունից 18-20 միավոր է ստացել դիմորդների 28.9 տոկոսը (1233 դիմորդ):
Հավելենք, որ օրերս էլ ֆեյսբուքյան շատ օգտատերեր եւ հատկապես պատմության ուսուցիչներ անվստահություն էին հայտնում Հայոց պատմություն առարկայի միասնական քննությունների արդյունքների հետ կապված՝ ուշադրություն հրավիրելով առավելագույն միավոր ստացածների մեծ թվի վրա (37,1 տոկոս) եւ նշելով, որ հավանաբար թեստերի կամ պատասխանների արտահոսք է տեղի ունեցել: Արտահոսք լինելու հանգամանքը, սակայն, ԳԹԿ տնօրենի պաշտոնակատր Արմեն Փաշայանը մեր զրույցում բացառել էր:




