Գլխավոր Մարզեր ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔ Ռուս զինվորականների մի մասն արդեն Գեղարքունիքի մարզում է

Ռուս զինվորականների մի մասն արդեն Գեղարքունիքի մարզում է

0

Համատեղ պրոցես է գնում, որի արդյունքում ռուսական կողմի զինվորականները որոշակի փուլից հետո կտեղակայվեն սահմանի երկայնքով: Այս մասին, ըստ «Հայկական ժամանակ»–ի,  այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:

Սանոսյանի խոսքով՝ նրանց մի մասն արդեն մարզում է. «Ադրբեջանական զինված ուժերը դուրս կբերվեն այդ հատվածներից, որից հետո մնացած բանակցային պրոցեսը կգնա, եւ որոշակի հատվածներում ճշգրտումներ կարվեն»:

Խոսելով սահմանային վիճակի մասին՝ մարզպետն ասաց, որ մեծ առումով սահմանային վիճակում փոփոխություններ չկան, բացառությամբ՝ պարբերաբար գրանցվող որոշակի միջադեպերի. «Նման միջադեպ նաեւ օրերս ունեցանք, որի հետեւանքով թեթեւ վիրավորում ստացած զինվորական ունեցանք»: Սանոսյանն ասաց, որ այս պահին վիճակը կայուն է:

Սանոսյանը նշեց նաեւ, որ մայիսի 13-ից հետո կան վայրեր, որտեղ արոտավայրերն օգտագործելու հետ կապված որոշակի դժվարություններ կան. «Բայց նաեւ ունենք վայրեր, որտեղ մեր բանակային կորպուսը որոշակի լրացուցիչ ուժեր է դնում, երբ բնակիչները խոտ հավաքելու պրոցեսով պետք է զբաղվեն, որպեսզի նրանք իրենց ավելի ապահով զգան: Քանի որ բարձրադիր վայրերում դեռ չի սկսվել խոտ հավաքելու պրոցեսը, հույս ունենք, որ այդ խնդիրները կկարգավորվեն ռուսական կողմի ներկայության պարագայում»:

Մեկնաբանել