Գլխավոր Մարզեր ԼՈՌԻ Մեկնարկել է հայ-վրացական սահմանային անցակետում կառուցվող «Բարեկամություն» կամրջի շինարարությունը

Մեկնարկել է հայ-վրացական սահմանային անցակետում կառուցվող «Բարեկամություն» կամրջի շինարարությունը

0

Հայաստանի և Վրաստանի միջև պետական սահմանի Սադախլո-Բագրատաշեն անցման կետի տարածքում` Դեբեդ գետի վրա տեղի է ունեցել նոր կամրջի շինարարության հիմնարկեքի պաշտոնական արարողությանը։ Միջոցառմանը մասնակցել են ՀՀ և Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարներ Սուրեն Պապիկյանն ու Իրակլի Կարսելաձեն:

Այս մասին Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է Սուրեն Պապիկյանը: Երկուստեք արձանագրվել է, որ միջազգային լավագույն չափանիշներին համապատասխան կառուցվող «Բարեկամություն» կամուրջը  հավակնում է դառնալ հայ-վրացական բազմադարյա բարեկամությունը առարկայական դարձնող հաջողված ծրագրերից:

«Երկու երկրների, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև սերտ համագործացության  արդյունքում, չնայած նախորդ տարվա՝ համավարակով և պատերազմով պայմանավորված խոչընդոտներին, մեզ հաջողվեց ապահովել ծրագրի անընդհատությունը, մշակել անհրաժեշտ փաստաթղթերը և սկսել երկար սպասված շինարարությունը:

Սահմանային նման ենթակառուցվածքի զարգացումն ունի ռազմավարական նշանակություն և լավագույնս կնպաստի հարևան պետությունների միջև փոխգործակցության աճին ու զարգացմանը:

Հայաստանի համար ծրագիրը կարևորվում է նաև  դեպի Լարս տանող ճանապարհի երթևեկության ինտենսիվության և անվտանգության տեսանկյունից: Հայաստանի հյուսիսային ուղղությունը՝ ոչ միայն Վրաստանի, այլև ԵԱՏՄ երկրների, այդ թվում՝ մեր հիմնական գործընկեր Ռուսաստանի Դաշնության հետ ճանապարհը անցնելու է հենց այս կամրջով։

Նոր կառուցվող կամուրջը կազմված է երկու զուգահեռ կամրջից, յուրաքանչյուրը՝ մեկ ուղղությամբ, երկու երթևեկելի գոտիներով, ջրահեռացման ու լուսավորության համակարգերով։  Ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների ծավալների աճ,  երթևեկության հարմարավետությունն ու անվտանգության բարձրացում ։

Տարածաշրջանային այս կարևոր ենթակառուցվածքային ծրագրերում հատկանշական է նաև իրանական և կորեական ընկերությունների ներգրավվածությունը:

Կամրջի նախագծման և շինարարության համար պայմանագիր է կնքվել Ariana Tunnel Dam Co. (Իրան) ընկերության հետ։ Իսկ տեխնիկական հսկողությունն իրականացնում է Soosung Engineering Co., Ltd և Korea Consultants International Co., Ltd. (Կորեա) համատեղ գործող ընկերությունը։

Ընդգծեմ նաև Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) հետ համագործակցության արդյունավետությունը՝ ծրագրի շարունակականությունը ապահովելու և, առհասարակ, Հայաստանում ենթակառուցվածքների զարգացման ուղղված տարբեր ծրագրերի իրականացման հարցում»,-ասված է գրառման մեջ:

Մեկնաբանել