Ութերորդ գումարման ազգային ժողովի առաջին նիստը նախագահող, ՔՊ-ից Կնյազ Հասանովը նիստը բացեց միասնական եւ հանդուրժող լինելու կոչով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հասանովն այս մասին ասաց նիստի բացմանը:
Հասանովը նախ նշեց, որ հպարտ է, որ որպես տարիքով ավագ պատգամավոր իրեն հնարավորություն է ընձեռվում ինչպես 6-րդ, 7-րդ, այնպես էլ 8-րդ գումարման ԱԺ-ի նստաշրջանը բացել: «Երեւի իմ տարիքն ինձ հնարավորություն է տալիս մի մեծ խնդրանքով դիմել ձեզ: Ես խնդրում եւ հորդորում եմ իմ եղբայր հայ պատգամավորներին լինել միասնական, միմյանց հանդուրժող, որովհետեւ այստեղ ներկա բոլոր պատգամավորների համար առաջնայինը հայ ժողովրդի անվտանգությունն է, երկրի զարգացումն ու հզորացումը եւ ամենակարեւորը՝ հայի պատիվը: Ուստի խնդրում եմ՝ եկեք բարձր պահենք այդ պատիվը: Դիմադիր եւ ընդդիմադիր հասկացողությունը պահենք չափի մեջ, լինենք միասնական, միմյանց նկատմամբ հարգանքով եւ անենք ամեն ինչ՝ Հայաստանը պահելու ավելի բարձր կարգավիճակում»,-ասաց Հասանովը:
Նա հորդորեց անհիմն գործողություններով չթուլացնել երկիրը՝ նկատելով, որ որքան թույլ լինենք, հակառակորդն իրեն այնքան հզոր եւ համարձակ կզգա: «Ուստի խնդրում եմ ձեզ եկեք մեր պահվածքով եւ վարքագծով մեզ չթուլացնենք, լինենք հզոր: Հզոր մարդը եւ նրա պահվածքը վախեցնում է թշնամուն եւ հանգեցնում հաղթանակների»,-ասաց նա ու հորդորեց լինել միասնական, մի կողմ թողնելով ներքին տարաձայնությունները, հասնել Հայաստանի հզորացմանը:
ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն որպես տարիքով ավագ պատգամավորը 8-րդ գումարման ԱԺ-ի առաջին նստաշրջանը հայտարարեց բացված: Հնչեց ՀՀ օրհներգը:
ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն՝ առաջին նստաշրջանի նիստերը բացում եւ մինչեւ Ազգային ժողովի նախագահի ընտրվելը նախագահում է տարիքով ավագ պատգամավորը: Այս խորհրդարանի տարիքով ավագ պատգամավորն է «Քաղաքացիական պայմանագիր»-ից Կնյազ Հասանովը: Հունիսի 20-ին անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրություններով ձեւավորված Ազգային ժողով է անցել երեք քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքները: Ընդհանուր առմամբ խորհրդարան է անցել 107 պատգամավոր:
Առաջին նստաշրջանի ընթացքում ԱԺ-ում կստեղծվի հաշվիչ հանձնախումբ, խորհրդարանը կընտրի ԱԺ նախագահ, նախագահի երեք տեղակալներ: Օրակարգում են նաեւ ԱԺ մշտական հանձնաժողովների ստեղծման եւ դրանց նախագահների ընտրության հարցերը:
Առաջին նստաշրջանի օրակարգում ընդգրկված են նաեւ կառավարության առաջարկությամբ՝ Կառավարության կառուցվածքի փոփոխության վերաբերյալ օրենքի նախագծի քննարկումը, կառավարության ծրագրին հավանություն տալու հարցը:
Չորս քաղաքական ուժ, այդ թվում խորհրդարան անցած «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքները, թեեւ ՍԴ-ում վիճարկել էին ընտրությունների արդյունքները, սակայն Սահմանադրական դատարանն անփոփոխ թողեց ընտրությունների արդյունքների վերաբերյալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը:




