Գլխավոր Հասարակություն Տոկիո-2020. Ըմբիշներ Կարապետ Չալյանն ու Արթուր Ալեքսանյանը կիսաեզրափակիչում են

Տոկիո-2020. Ըմբիշներ Կարապետ Չալյանն ու Արթուր Ալեքսանյանը կիսաեզրափակիչում են

0

Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային օլիմպիական խաղերում այսօր պայքարի մեջ մտան հունահռոմեական ոճի ըմբիշներ 77 կգ քաշային Կարապետ Չալյանն ու 97 կգ քաշային օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը:

Չալյանը 1/8 եզրափակչում հանդիպեց ուզբեկ Ժալսոնգայ Բերդիմուրատովին ու հաղթեց 5-0 հաշվով: Չալյանը մեկ միավոր ստացավ ակտիվության համար, եւս 4 անգամ էլ կարողացվ մրցակցին աշխատանքային գոտուց դուրս հանել:

Քառորդ եզրափակչում նրա մրցակիցը Եվրոպական խաղերի հաղթող ռուս Ալեքսանդր Չեխիրկինն էր, որին Չալյանը պարտվել էր այդ մրցաշարի եզրափակչում: Գոտեմարտի սկզբում Չալյանը մրցակցին աշխատանքային գոտւց դուրս հանեց ու ստացավ մեկ միավոր: Այնուհետեւ հայ ըմբիշը զգուշացվեց պասիվության համար, Չեխիրկինը մեկ միավոր ստաացավ, սակայն չկարողացավ պերտերից գլորում անել: Երկրորդ մրցափուլում արդեն Չալյանն ակտիվության համար միավոր ստացավ: Գոտեմարտն ավարտվեց Կարապետի հաղթանակով՝ 2-1 հաշվով: Այժմ Չալյանը կիաեզրափակչում կհանդիպի ղրղզ երիտասարդ ըմբիշ Ակժոլ Մախմուդովին:

Արթուր Ալեքսանյանի առաջին մրցակիցը մեկ այլ ղրղզ Ուզուր Ջուզուպբեկովն էր, որին Արթուրն այս տարի փետրվարին պարտվել էր 5-7 հաշվով: Ալեքսանյանն առաջին մրցափուլում մեկ միավոր ստացավ ակտիվության համար ու եւս երկու միավոր՝ մրցակցին պարտերից գլորելու համար: Երկրորդ մրցափուլում ակտիվության համար միավոր ստացավ ղրղզ ըմբիշը, բայց չկարողացավ հնարք կատարել, նրա մարզիչների անհաջող բողոքարկումից հետո հաշիվը դարձավ 4-1:

Քառորդ եզրափակչում Ալեքսանյանը հանդիպեց ֆինն Արվի Մարտին Սավոլայնենին: Առաջին մրցափուլում ակտիվության համար միավոր ստացավ Սավոլայնենը, բայց չկարողացավ հնարք կատարել: Երկրորդ մրցափուլում Ալեքսանյանը 5 միավոր վաստակեց՝ մեկն ակտիվությանը, չորսը՝ երկու գլորումների համար: Ռիոյի օլիմպիական չեմպիոնը դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ հանդիպելու է իրանցի  Մոհամադհադի Սարավիին: Կիսաեզրափակիչ գոտեմարտերը սկսվելու են Երեւանի ժամանակով 13:15-ին:

Մեկնաբանել