Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը բավարարել է Ստեփանավանի նախկին ղեկավար ՍարգիսՂարաքեշիշյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդությունը:
Քննությանը մասնակցել է նաեւ գործով նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը:
Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:
«Հիշեցնենք, որ համայնքի նախկին ղեկավարին հոկտեմբերի 29-ին մեղադրանք էր առաջադրվել պաշտոնեական դիրքի չարաշահման եւ փողերի լվացման համար, նա ձերբակալվել էր:
Քննությամբ ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ Ս.Ղ.-ն 2004-ից 2012թթ. ընկած ժամանակահատվածում, առերեւույթ չարաշահելով իր պաշտոնեական լիազորությունները, համայնքի վարչական տարածքում գտնվող, ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված դրույթների ուժով քաղաքացիներին եւ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով չփոխանցվող՝ զբոսայգի հանդիսացող ընդհանուր օգտագործման տարածքից, պետական սեփականության անտառից, ինչպես նաեւ քաղաքապետարանի հողատարածքներից տարանջատման միջոցով առանձնացրել է հողամասեր եւ ապօրինի կերպով օտարել տարբեր անձանց, այդ թվում՝ մորաքրոջ տղային եւ իր մասնակցությամբ հիմնադրված «Վերածնունդ» բարեգործական հիմնադրամին, վերջինիս կողմից ստեղծված ՍՊ ընկերությանը:
Այնուհետ, գույքերի հանցավոր ծագումը թաքցնելու նպատակով վերոնշյալ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց անվամբ ձեւականորեն գրանցված անշարժ գույքերից՝ հողամասերից ընդհանուր՝ 1,433 հա տարածքները 2014 եւ 2017 թվականներին օտարման միջոցով նա փոխանցել է իր հետ համատեղ բնակվող իր որդիներին»:




