Տոկիոյի օլիմպիական խաղերի մասնակից, եռացատկորդ Լեւոն Աղասյանը հաղթող է դարձել Բալկանյան երկրների՝ մարզասրահում անցկացվող 27-րդ առաջնությունում։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:
Աղասյանը ցույց է տվել 16.26 մ արդյունք ու դարձել ոսկե մեդալակիր։
Մրցաշարը մարտի 4-5-ն անցկացվել է Թուրքիայի Ստամբուլ քաղաքում:
«Դեռ շատ աշխատանք կա անելու, բայց ուրախ եմ երկար դադարից հետո նվաճածս մեդալի համար»,- գրել է Լեւոնը սոցցանցերի իր էջերում:
Հայաստանը ներկայացրած 8 մարզիկներից մեդալ է նվաճել նաեւ վազորդ Երվանդ Մկրտչյանը՝ 1500 մ մրցատարածությունը հաղթահարելով 3։46․05 ժամանակում ու գրավելով երկրորդ հորիզոնականը։
Հայաստանի հավաքականում ընդգրկված են եղել նաեւ Ռազմիկ Մկրտչյանը, Ռոման Ալեքսանյանը, Գոռ Հարությունյանը, Գայանե Չիլոյանը, Էլլադա Ալավերդյանը եւ Յանա Սարգսյանը: Վերջինս 7-րդ տեղն է գրավել հեռացատկում եւ եռացատկում։
Լեւոն Աղասյանը մարտի 18-22-ն էլ Սերբիայում մասնակցելու է մարզասրահների աշխարհի առաջնությանը:
Ինչ վերաբերում է աթլետիկայի Հայաստանի հավաքականին, ապա հունիսի 11-ին մեր ընտրանին Մալթայում ուժերը կչափի Եվրոպայի փոքր երկրների առաջնությունում, իսկ մայիսին եւ օգոստոսին՝ աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում:




