Գլխավոր Հասարակություն ՌԴ զինված ուժերը հայտարարում են լռության ռեժիմ եւ բացում մարդասիրական միջանցքներ 4...

ՌԴ զինված ուժերը հայտարարում են լռության ռեժիմ եւ բացում մարդասիրական միջանցքներ 4 ուկրաինական քաղաքներում

0

Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հայտարարում են լռության ռեժիմ եւ առավոտյան ժամը 10:00-ից (ՀՀ ժամանակով՝ 11:00)բացում են մարդասիրական միջանցքները Ուկրաինայի չորս քաղաքներից՝ Կիեւից, Խարկովից, Սումիից եւ Մարիուպոլից։ Այդ մասին հայտնել են Ուկրաինայում մարդասիրական արձագանքման միջգերատեսչական համակարգող շտաբում։

«Հաշվի առնելով Կիեւ, Խարկով, Սումի եւ Մարիուպոլ քաղաքներում ստեղծված աղետալի հումանիտար իրավիճակը եւ դրա կտրուկ սրումը, ինչպես նաեւ Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի անձնական խնդրանքով՝ ուղղված Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր  Պուտինին, Ռուսաստանի զինված ուժերը հումանիտար նպատակներով 2022 թվականի մարտի 7-ին ժամը 10:00-ից հայտարարում են լռության ռեժիմ եւ բացում հումանիտար միջանցքներ»,- ասված է հաղորդագրությունում։

Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը անօդաչու թռչող սարքերով վերահսկելու են մարդասիրական միջանցքներով տարհանումը:

Ռուսական կողմը Ուկրաինայում հումանիտար միջանցքների բացման մասին ծանուցել է ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի եւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի համապատասխան կառույցներին։ Այդ մասին եւս հայտնել են Ուկրաինայում մարդասիրական արձագանքման միջգերատեսչական համակարգող շտաբում։

«Այդ տեղեկատվությունը փոխանցվել է ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, ԿԽՄԿ-ի եւ այլ միջազգային կազմակերպությունների համապատասխան կառույցներին բոլոր առկա տեղեկատվական ռեսուրսների, այդ թվում՝ ԶԼՄ-ների միջոցով»,- նշել են հաղորդագրության մեջ։

Հայտարարության մեջ ընդգծվում է, որ կոնկրետ գործողություններ են ակնկալվում պաշտոնական Կիեւի իշխանություններից, ինչպես նաեւ թվարկված քաղաքների ղեկավարությունից։ «Մենք ուկրաինական կողմից պահանջում ենք խստորեն կատարել բոլոր պայմանները՝ թվարկված ուղղություններով մարդասիրական միջանցքների ստեղծման համար եւ ապահովել խաղաղ բնակչության եւ օտարերկրյա քաղաքացիների կազմակերպված դուրսբերումը»,- ասվում է շտաբում։

Աղբյուր https://armtimes.com/hy/article/232480

Մեկնաբանել