Կառավարության այսօրվա՝ մարտի 10-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ սա ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խչաատուրյանի մասնակցությամբ վերջին նիստն է. նա ստանձնելու է ՀՀ նախագահի պաշտոնը, իսկ երդմնակալությունը տեղի է ունենալու մարտի 13-ին:
Վարչապետը շնորհակալություն հայտնեց Խաչատուրյանին համատեղ աշխատանքի համար ու հաջողություններ մաղթեց։
Վահագն Խաչատուրյանն էլ ասաց, թե շնորհակալ է վստահության համար, որ այս 7 ամիսների ընթացքում իրեն հնարավորություն է տվել վարչապետն աշխատելու որպես կառավարության անդամ. «Անկեղծ, ես շատ գոհ ու զգացված եմ այն մթնոլորտի համար, որ ստեղծվել էր կառավարությունում ու ինձ հնարավորություն է տրվել իմ գիտելիքներն ու փորձն օգտագործել նախարարության ղեկավարման աշխատանքում։ Հավատացեք, որ կառավարության իմ գործընկերների վերաբերմունքն իմ նկատմամբ ընդգծված է եղել, չգիտեմ՝ ինչով պայմանավորված: Ուզում եմ բոլորին շնորհակալություն հայտնել», – ասաց նախարարը։
Նա նաեւ հավելեց, որ որոշ կիսատ աշխատանքներ հաջողվել է այս ընթացքում ավարտել. «Համոզված եմ, որ իմ նոր աշխտանքում միասին հաջողություններ ենք արձանագրելու: Մեր ժողովուրդը թող վստահ լինի, որ այն ծրագրերը, որ նախատեսել է կառավարությունը առաջիկա 5 տարիների համար, մեր համատեղ աշխատանքով իրականացվելու են», – ասաց Խաչատուրյանը։
Փաշինյանն էլ կատակեց՝ այսօր, ամենաուշը վաղը ստիպված է լինելու Խաչատուրյանին ազատել նախարարի պաշտոնից։
«Մի օր գալիս է դա»,–արձագանքեց նախարարը։




