Գլխավոր ԵՐԵւԱՆ «Երախտապարտ ենք Արցախյան պատերազմի հումանիտար հետեւանքները ուշադրության ներքո պահելու համար». վարչապետը՝ Հռոմի...

«Երախտապարտ ենք Արցախյան պատերազմի հումանիտար հետեւանքները ուշադրության ներքո պահելու համար». վարչապետը՝ Հռոմի Պապին

0

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին՝ Հռոմի քահանայապետ ընտրվելու տարեդարձի առթիվ:

«Ձերդ Սրբություն,

Հայ ժողովրդի եւ անձամբ իմ ջերմագին շնորհավորանքներն եմ հղում Ձեզ՝ Հռոմի քահանայապետ ընտրվելու տարեդարձի կապակցությամբ։

Խորապես շնորհակալ ենք աշխարհում խաղաղությանը եւ արդարությանը միտված՝ Ձերդ Սրբության աղոթքների, ուղերձների եւ մեր միջպետական կապերի շարունակական ամրապնդման հարցում աջակցության համար։ Այս տարի լրանում է Հայաստանի Հանրապետության եւ Սուրբ Աթոռի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, որոնք խարսխված են դարերի խորքից եկող քրիստոնեական արժեհամակարգի, ընդհանուր պատմական եւ հոգեւոր ժառանգության վրա:

Մեծապես երախտապարտ ենք, որ Ձերդ Սրբության ուշադրության ներքո եք պահում նաեւ Արցախյան պատերազմի հումանիտար հետեւանքները, որոնք պահանջում են շուտափույթ լուծում՝ տարածաշրջանային խաղաղ համագոյակցության ամուր հիմքեր ստեղծելու համար:

Մաղթում ենք Ձեզ քաջառողջություն եւ հաջողություն` Տիեզերական եկեղեցու նվիրական առաքելությունը երկար տարիներ առաջնորդելու համար։

Ընդունեք խնդրեմ, Ձերդ Սրբություն, խորին հարգանքիս հավաստիքը»,-ասված է ուղերձում։։

Մեկնաբանել