Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի հատուկ նիստում Վահագն Խաչատուրյանը երդմամբ ստանձնեց Հանրապետության նախագահի պաշտոնը:
ՀՀ 5-րդ նախագահ Վահագն Խաչատուրյանի երդման համար ԱԺ հատուկ նիստն անցկացվում է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Նիստը վարում է ԱԺ նախագահի լիազորությունները կատարող ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը:
Ազգային ժողովի հատուկ նիստում Վահագն Խաչատուրյանը, ձեռքը դնելով Վեհամոր Ավետարանի եւ ՀՀ Սահմանադրության վրա, երդվեց . «Ստանձնելով Հանրապետության նախագահի պաշտոնը՝ երդվում եմ. հավատարիմ լինել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, իմ լիազորություններն իրականացնելիս լինել անաչառ, առաջնորդվել միայն համապետական եւ համազգային շահերով եւ իմ ողջ ուժը ներդնել ազգային միասնության ամրապնդման գործում»:
Երդմնակալությունից հետո հնչեց Հայաստանի Հանրապետության օրհներգը, Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը հայրապետական օրհնության խոսք հղեց:



