
Ծնունդով հայաստանցի, մաթեմատիկայի ուսուցչուհի Մետաքսե Հակոբյանը, որը 2020 թվականին Վիտալի Բալասանյանի գլխավորած «Արդարություն» կուսակցության ընտրական ցուցակով դարձել է Արցախի խորհրդարանի պատգամավոր, անթաքույց ատելությամբ և հետևողականորեն զբաղված է ՀՀ իշխանություններին ուղղված հակաքարոզչությամբ՝ այսպիսով ձայնակցելով ՀՀ խորհրդարանի ընդդիմադիր իր գործընկերներին։ Սահմանադրությունը երաշխավորում է՝ պատգամավորը կաշկանդված չէ հրամայական մանդատով, առաջնորդվում է իր խղճով և համոզմունքներով։ Սակայն, վերլուծելով մանդատավոր տիկնոջ՝ պատգամավորական գործունեության ընթացքում արած հայտարարությունների շեշտադրումները, այնպիսի տպավորություն է, որ նա, կաշկանդված չլինելով հրամայական մանդատով, ակնհայտորեն հրամայվում է շատ կոնկրետ կենտրոնից: Սույն տիկնոջ՝ մամուլին օրերս տված հարցազրույցներից մեկի մի դրվագով, որը վերաբերում էր Արցախում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի օգտին իբրև թե սկսված քարոզչությանը, երեկ արձագանքել են Արցախի խորհրդարանի երկու՝ «Ազատ հայրենիք-ՔՄԴ» և «Միասնական հայրենիք» խմբակցությունները՝ Հակոբյանի հայտարարությունը որակելով «հիմնազուրկ ու անպատասխանատու»։ Սակայն, նկատենք, առաջին նախագահի վերաբերյալ Հակոբյանի հայտարարությունը անմեղ հայտարարություն է ի համեմատ այն վտանգավոր պնդումների, որոնք կասկածելի շահեր սպասարկող այս տիկինը հնչեցնում է վերջին առնվազն մեկուկես տարվա ընթացքում՝ միտումնավոր թիրախավորելով թե ՀՀ-ին և թե ԱՀ-ին։
Տիկինը իր գրեթե բոլոր հանրային ելույթներում և հարցազրույցներում հետևողականրեն կրկնում է միևնույն ձևակերպումը՝ «Հայաստանը լվացել է ձեռքերը Արցախից»։ Նման անպատասխանատու հայտարարություն, ճիշտ նույն ձևակերպմամբ, հիշեցնենք, իր վերջին ասուլիսում արեց նաև նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Այս «պատահական» համընկնումը օբյեկտիվ կասկած է հարուցում՝ Հակոբյա՞նն է ազդվել Քոչարյանից և կրկնում նրա մտքերը, թե՞ Քոչարյանը՝ իր ծննդավայրում պատգամավորություն անող հանրահայտ տիկնոջից։ Եթե ընթերցողը որոնողական համակարգում «Մետաքսե», «Հակոբյան», «Հայաստանը», «լվացել է», «ձեռքերը» բառերով որոնում իրականացնի, ապա, երաշխավորւմ ենք, տասնյակ հրապարակումներ կթափվեն իր առջև։
Ի վերջո, եթե Հայաստանն իսկապես ձեռքերը լվացած լիներ Արցախից, ապա գոնե ինքն ու իր պատգամավոր ամուսինը նման բարձր աշխատավարձ չէին ստանա։ Թե ինչ նպատակով է Հակոբյանը անընդհատ պնդում, որ «Հայաստանը լվացել է ձեռքերն Արցախից»՝ ակնհայտ է, քանի որ նրա այդ պնդումը լրացվում է այն թեզով, թե Արցախի անվտանգության երաշխավորն այլևս Հայաստանը չէ, այլ՝ ռուս խաղաղապահ ուժերը, հետևապես Արցախի ապագան ՌԴ-ի հետ է՝ այդ երկրի կազմի մեջ մտնելու տեսքով։ Հավանաբար հենց այս՝ մետաքսեհակոբյանական «կրուժոկ»-ն էլ տարածում է առաջիկայում Արցախում հանրաքվե անցկացնելու անհրաժեշտւթյան մասին՝ ՌԴ-ի կազմ մտնելու հարցով։
Փաշինյան-Ալիև բրյուսելյան հանդիպման նախօրերին թերթերից մեկը, հղում անելով Արցախի իր անանուն աղբյուրին, մասնավորապես գրել էր. «Եթե Հայաստանը ձեռքերը լվանա Արցախից և ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Արցախն էլ՝ Ադրբեջանի կազմում, մեզ այլ ելք չի մնա, քան մտնենք ՌԴ կազմի մեջ, ուստի կնախաձեռնենք ստորագրահավաք»։ Սույն անանաուն աղբյուրը նշել էր նաև, որ «ռուսական կողմից Արցախի իշխանություններն այդ գործընթացի վերաբերյալ «դաբրոն» արդեն ստացել են»:
Ի դեպ, նույնաոճ մի հրապարակում էլ մեկ այլ կայքում էր օրերս զետեղվել՝ դարձյալ Արցախի անանուն աղբյուրին հղում տալով։ «Արցախցիները ուզում են հանրաքվե անցկացնել Ռուսաստանին միանալու համար, բայց քանի որ, արտակարգ դրությամբ պայմանավորված, սահմանափակումներ կան, չեն կարող հանրաքվե կազմակերպել։ Սահմանափակումը հանելուց հետո մտադիր են անպայման հանրաքվե անցկացնել։ Խնդիրն այն է, որ արցախցիները լրիվ ձեռք են քաշել Հայաստանից՝ նշելով, որ «թող Հայաստանը իր ինքնիշխանությունը, իր սահմանների հարցը լուծի, մեզ չխանգարի, մենք ռուսների հետ մեր հարցը կլուծենք»,- գրել էր սույն կայքը:
Թե ով է ծառայում որպես անանուն աղբյուր նման լուրեր տիրաժավորելու համար՝ կարելի է ենթադրել՝ որպես բանալի բառ դիտարկելով «ձեռքեր» և «լվանալ» բառերը։
Այժմ տեսնենք, թե երբ և ինչ կոնտեքստում է Մ. Հակոբյանը, որի ամուսինը՝ Հակոբ Հակոբյանը, «Արդարություն» կուսակցության համահիմնադիրն է, հոլովում վերոհիշյալ բանալի բառերը։ «Նիկոլ Փաշինյանն իր տերերի առաջ հաշվետվություն պետք է տար իր երեք տարիների գործունեության արդյունքների վերաբերյալ, մինչ այս ինքը խուսափում էր Արցախի Հանրապետություն ասելուց, չէր այցելում Արցախ, բայց, ամեն դեպքում, այսպես ուղիղ ինքը որևէ բան դեռ չէր ասել, հետևաբար իրեն այդ ուժերը ստիպեցին, որ անի հայտարարություններ, որպեսզի աշխարհը տեսնի՝ Հայաստանն այլևս որևէ կապ չունի Արցախի հետ: Մենք այստեղ գիտակցում ենք, որ դա ոչ թե Հայաստանն է, այլ Հայաստանի իշխանությունները, բայց աշխարհը տեսնելու է, որ Հայաստանն իր ձեռքերը լվացել է Արցախից, և Արցախի հետ կապված որևէ բանակցային գործընթաց այլևս չի լինելու»:
«Հայաստանի իշխանությունները, իրոք, կարծես ձեռքերը լվացել են Արցախից: Արդյունքում Արցախի իշխանությունները հայտնվել են ցայտնոտի վիճակում՝ չհասկանալով, թե ինչ պետք է անել: 1,5 տարի շփման գծի անվտանգության խնդիրներ են, ամռանը՝ ջրի խնդիր, մեկ ամիս սաստիկ ցրտի պայմաններում՝ գազի խնդիր, շուտով 2 շաբաթ կլինի, որ Ադրբեջանի զինվորները Փառուխում են…» (05.04.2022, «Իրավունք» թերթ)։
«Իհարկե, միայնակ շատ դժվար ու ծանր է Արցախի համար, որովհետև այն չճանաչված պետություն է, բայց եթե այսօր Հայաստանի իշխանություններն իրենց ձեռքերը լվացել են Արցախից, մենք ի՞նչ անենք: Իհարկե, մեր երազանքն է Հայաստանում ունենալ իշխանություն, որը կպայքարի Արցախի համար, բայց հիմա չկա այդ իշխանությունը, ու Արցախն ինքը իր գլխի ճարը պետք է տեսնի, որքան էլ դժվար լինի»:
«Աշխարհը խեղդվում է իր իսկ անտարբերության մեջ… Դիմում եմ Հայաստանի Հանրապետության և համասփյուռ մեր հայրենակիցներին. արդեն 8 օր է, ինչ Արցախի Հանրապետությունը գտնվում է ծանրագույն վիճակում, հումանիտար աղետը վերածվել է խորը ճգնաժամի: Այն, որ ՀՀ իշխանությունները թե իրենց գործողություններով, թե հայտարարություններով փաստում են, որ հրաժարվել են Արցախից, ինչպես նաև անվտանգության երաշխավորի իրենց պարտավորվածությունից, ուստի Արցախը մենակ է մնացել այս անելանելի թվացող իրավիճակում»:
Ի դեպ, Հակոբյանը, օգտվելով պատգամավորական անձեռնմխելիությունից, անկաշկանդ կերպով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի (ինչպես նաև ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի) հասցեին պարբերաբար վիրավորանքներ տեղալուց բացի, իր հանրային խոսքը շաղախում է նաև անեծքով ու նզովքով։ 44-օրյա պատերազմից որոշ ժամանակ անց նա Ֆեյսբուքում անիծել էր ՀՀ և ԱՀ ղեկավարներին և նրանց երեխաներին։ Պետական պաշտոն զբաղեցնող, հանրային դեմք հանդիսացող այս տիկինն, ի դեպ, չորս երեխայի մայր է։
Ելենա Ազատյան
Հ․Գ․ Առնվազն տարօրինակ է, որ Արցախի խորհրդարանի ղեկավարությունը երբևէ չի դատապարտել պատգամավորի հակապետական վարքագիծը։ Նշենք, որ Արցախի Հանրապետության ԱԺ պատգմավորի գործունեության երաշխիքների մասին օրենքով օրենսդրությամբ պատգամավորական էթիկայի կանոններն են`
1) հարգել օրենքը և ենթարկվել օրենքին. 2) հարգել հանրության բարոյական նորմերը. 3) պահպանել Ազգային ժողովի, նրա հանձնաժողովների նիստերի և խորհրդարանական լսումների անցկացման կարգը. 4) իր լիազորություններն իրականացնելիս չառաջնորդվել իր կամ իր հետ փոխկապակցված անձանց անձնական շահերով. 5) չօգտագործել պատգամավորի պաշտոնի հեղինակությունն ի շահ իրեն կամ այլ անձի. 6) իր գործունեությամբ նպաստել Ազգային ժողովի նկատմամբ վստահության և հարգանքի ձևավորմանը. 7) ամենուր և ցանկացած գործունեությամբ զբաղվելիս դրսևորել պատգամավորին վայել վարքագիծ.
2) հարգալից վերաբերմունք ցուցաբերել քաղաքական ընդդիմախոսների, Ազգային ժողովում հարցերի քննարկման մասնակիցների, լրագրողների, ինչպես նաև բոլոր այն անձանց նկատմամբ, որոնց հետ պատգամավորը շփվում է իր լիազորություններն իրականացնելիս:





