Գլխավոր Արտակարգ Լավրովը դժգոհում է պաշտոնական Երևանի հարցադրումից:

Լավրովը դժգոհում է պաշտոնական Երևանի հարցադրումից:

0

Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների համատեեղ մամուլի ասուլիսը, որ հաջորդեց նրանց առանձնազրույցին և պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպմանը, անցավ նկատելի նյարդայնությամբ, մասնավորապես այն բանից հետո, երբ շոշափվեց Փարուխի իրադարձությունների և ԵԱՀԿ Մինսկի խմբի հետագա գործունեության և ճակատագրի թեման: Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը պատասխանելով Հայաստանի Հանրային հեռուստաընկերության հարցին, հայտարարեց, որ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի աշխատանքից հրաժարվել են ԱՄՆ-ը ու Ֆրանսիան, առաջնորդվելով «ռուսաֆոբ» նպատակներով, ինչպես ձևակերպել է Լավրովը: ՌԴ արտգործնախարարը հայտարարել է, թե այդպիսով ԱՄՆ-ն ու Ֆրանսիան իրենց «ռուսաֆոբ» նպատակներին ու առաջնահերթություններին են զոհաբերում Հայաստանի շահերը, ռեգիոնալ կայունության ու անվտանգության շահերը: Լավրովը հայտարարել է, թե դա նրանց ընտրությունն է, իսկ Ռուսաստանը հավատարիմ է իր մերձավոր դաշնակիցների՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունը կարգավորելու հանձնառությանը:

Լավրովի հայտարարությունը անակնկալ է, որովհետև մեղմ ասած դժվար է մտաբերել, որ Ֆրանսիան ու ԱՄՆ-ն հայտարարել են Մինսկի խմբի համանախագահության աշխատանքից հրաժարվելու մասին: Ընդ որում, ՌԴ արտգործնախարարի հայտարարությունը թերևս անակնկալ էր նաև Հայաստանի արտաքին գործերի նախարար Միրզոյանի համար, որը հնչեցնելով իր պատասխանը, արտահայտվեց թերևս նույնիսկ փոքր ինչ «արտադիվանագիտական տոնով», նշելով, որ Ադրբեջանն է հայտարարում Մինսկի խմբի համանախագահության ավելորդության, Լեռնային Ղարաբաղի հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ գոյություն չունենալու մասին: Ըստ Արարատ Միրզոյանի, չնայած դրան, ինքը մյուս համանախագահ երկրներից ստանում է այլ ազդակներ, ինչպես նաև միջազգային կառույցներից, որոնք պարբերաբար հայտարարում են, որ հակամարտության կարգավորումը տեսնում են բացառապես Մինսկի խմբի համանախագահության շրջանակում:

Հայաստանի արտաքին գործերի նախարարի այդ առարկությանը արձագանքեց Լավրովը, նկատելով, թե ինքը չի լսել Ադրբեջանի այդպիսի հայտարարություններ, դրանք իրեն ծանոթ չեն, բայց այն, որ Ֆրանսիան ու ԱՄՆ-ն իրենք են հրաժարվում համանախագահության ձևաչափում ՌԴ հետ աշխատելուց՝ ելնելով «ռուսաֆոբության» գերակայությունից, դա փաստ է: Նախարարների համատեղ ասուլիսի այդ դրվագը արձանագրեց Մոսկվա-Երևան հայտարարության բավականին նյարդային տարրի առկայությունը, որը դրսևորվեց նաև Փառուխի դեպքերի և ռուս խաղաղապահների մանդատի թեմային անդրադարձերով: Լավրովը հայտարարեց, թե ռուս զինվորականները պարզում են տեղի ունեցածի բոլոր հանգամանքները, դրանք իրենց համար ամբողջական պարզ չեն:

Լավրովը հայտարարեց, թե «վստահ» են, որ «հայ գործընկերները վստահում են ռուս խաղաղապահներին» և նրանց գործունեության կապակցությամբ ծառայողական քննություն, պատասխանատվության կանչելու մասին հայտարարությունները չեն արտահայտում «հայ ժողովրդի և հայկական ղեկավարության» այն հակվածությունը, որ ունեն խաղաղապահների դերի նկատմամբ: Լավրովի այդ հայտարարությունը ևս բավականին սյուր է, եթե հաշվի առնենք այն, որ խաղաղապահների գործունեությունը հետաքննելու անհրաժեշտության մասին հայտարարել է հենց պաշտոնական Երևանը: Նիկոլ Փաշինյանը այդ մասին խոսել է Պուտինի հետ երկու հեռախոսազրույցներում, համաձայն Հայաստանի կառավարության հաղորդագրությունների:

Փաստացի ստացվում է, որ Լավրովը դժգոհում է պաշտոնական Երևանի այդ հարցադրումից: Այստեղ առաջանում է հարց՝ Լավրովը արտահայտում է նաև Կրեմլի՞ դժգոհությունը, թե՞ Երևանի հետ շփումներից որոշակի հարցադրումներ ու խնդիրներ Կրեմլը հասցեագրել է պաշտպանական և արտաքին գործերի գերատեսչություններին, ինչից դժգոհություն է կուտակվել Լավրովի մոտ, որն էլ արտահայտվել է ասուլիսում, չկարողանալով թաքցնել նյարդերը: Իհարկե չի էլ բացառվում, որ ՌԴ արտգործնախարարության ղեկավարը նյարդային է ընդհանրապես այն իրավիճակի բերումով, որում Ռուսաստանը հայտնվել է ուկրաինական ռազմարշավի հետևանքով: Բոլոր դեպքերում, երբ այդ նյարդայնությունն արտահայտվում է Հայաստանի արտգործնախարարի հետ ասուլիսի ընթացքում, սա իհարկե բավականին անցանկալի և զգոնություն պահանջող ազդակ է: Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը թերևս որոշեց առավել չսրել համանախագահության ձևաչափի թեմայով որոշակիորեն արտահայտված հակասությունը, այդուհանդերձ վերհաստատել Երևանի դիրքորոշումը, կապված խաղաղապահ առաքելության հետ: Միրզոյանը հայտարարեց, որ Հայաստանը «շարունակում է հավատալ, որ ռուս խաղաղապահներին կհաջողվի իրավիճակը վերադարձնել մարտի 23-ի ստատուս-քվոյի շրջանակ», և Հայաստանը «շարունակում է հավատալ, որ խաղաղապահները կկատարեն իրենց կարևոր առաքելությունը՝ ապահովել Լեռնային Ղարաբաղի անվտանգությունն ու կայունությունը: Հարց է առաջանում, կգա՞ պահ, երբ Հայաստանը կդադարի հավատալ դրան, և ի՞նչ կանի Երևանն այդ պարագայում: Արդյո՞ք Երևանը, առավել ևս Բրյուսելի հանդիպումից հետո ակնարկում է, որ ամենևին բացարձակ երաշխավորված չէ, որ Երևանը չի բարձրացնի խաղաղապահ մանդատի վերանայման հարց: Սրանք իհարկե բավականին բարդ խնդիրներ են, սակայն Միրզոյան-Լավրով համատեղ ասուլիսը վկայեց, որ այդ խնդիրները կան և ունեն բավականին ինտենսիվ աշխատանքի միջոցով փոխըմբռնման մակարդակի բերելու անհրաժեշտություն: Հակառակ պարագայում, բարդության շարունակությունը օգտակար չի լինելու ոչ միայն Հայաստանի, այլ նաև Ռուսաստանի համար: Իսկ Փարիզն ու Վաշինգտոնը թերևս պետք է արձագանքեն Սերգեյ Լավրովի «նետած մարտահրավերին»՝ հրաժարվու՞մ են իրապես աշխատել համանախագահության եռյակի ձևաչափում, թե՞ Լավրովը կեղծում էր իրականությունը:

Մեկնաբանել