Գլխավոր ԱԻՆ Ռուսական ռազմաբազայի կրակադաշտում պայթյունի հետեւանքով զոհվել է Վահրամաբերդի բնակիչը

Ռուսական ռազմաբազայի կրակադաշտում պայթյունի հետեւանքով զոհվել է Վահրամաբերդի բնակիչը

0

Այսօր՝ մայիսի 13-ին, ժամը 15:30-ի սահմաններում պայթյուն է տեղի ունեցել Շիրակի մարզի Վահրամաբերդ գյուղի մոտ տեղակայված Կամխուտի  կրակադաշտում: Պատահարի հետեւանքով զոհվել է Վահրամաբերդ գյուղի 65-ամյա հովիվը:

Ախուրյան խոշորացված համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Կարեն Արշակյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դժբախտ պատահարը,  հանձնված է  Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազային՝ որպես  կրակադաշտ:  Սակայն վերջին մեկ ամսում զորավարժություններ չեն անցկացվել:

«Հավանական է, որ պայթուցիկը մնացած է եղել հին զորավարժանքներից: Տարածքում նաեւ սելավատարներ կան ու հնարավոր է անձրեւներն են հին զինամթերքը քշել ու բերել: Ենթադրում եմ, որ չպայթած ական է եղել, հովիվն էլ փորձել է քանդել»,-ասաց Կարեն Արշակյանը:

Տարածքը փակ է քաղաքացիների համար, թե ոչ: Կարեն Արշակյանն ասաց, մեքենաների համար նախատեսված երկու ճամապարհները փակ են, սակայն գործնականում անհնար է ամբողջ կրակադաշտը փակել:

«Դաշտը շատ մեծ տարածք է ընդգրկում՝ 100 հեկտար եւ անհնար  է ամբողջը փակել: Տարածքն էլ առվակներով սահմանազատված է»,-մանրամասնեց Արշակյանը:

Մահացած հովիվն ամուսնացած էր, ուներ երեք երեխա:

Նշենք, որ այս նույն տարածքում 2013 թվականին եւս նման դժբախտ պատահար էր գրանցվել: Վարհրամաբերդի բնակիչներ 12-ամյա Արթուր Մկրտչյանը եւ 16-ամյա Մուշեղ Գեւորգյանը ոչխարի հոտն արածեցնելիս զոհվել էին՝ տարածքում գտնված նռնակի չպայթած մասերի հետ խաղալու հետեւանքով:

Մեկնաբանել