Գլխավոր ԵՐԵւԱՆ Հրապարակվել է Հայաստանի կողմից Ադրբեջանին ներկայացված 6 կետերը

Հրապարակվել է Հայաստանի կողմից Ադրբեջանին ներկայացված 6 կետերը

0

Հայաստանի Հանրապետության հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը հրապարակել է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Հայաստանի ներկայացրած առաջարկները, որոնք ամփոփված են 6 կետերի մեջ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Էդմոն Մարուքյանը հայտնել է, որ առաջարկների 1-ին կետում գրված է, որ  հայկական կողմը պատասխանում է ադրբեջանական կողմի՝ փետրվարի 21-ով թվագրված նամակին, որը հայկական կողմին է փոխանցվել մարտի 11-ին։

2-րդ կետով հայկական կողմը նշում է, որ Հայաստանի Հանրապետությունը երբեք չի ունեցել եւ չունի տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ։ «Ինչպես հիշում եք, Ադրբեջանն այնտեղ ասում է, որ դուք պետք է տարածքային պահանջներ չունենաք մեր նկատմամբ։ Մենք էլ ասում ենք՝ եղբայր, մենք ձեզանից տարածքային պահանջներ չենք էլ ունեցել։ Եվ ի սկզբանե միշտ Հայաստանի  բոլոր իշխանությունները հայտարարել են, որ մենք տարածքային պահանջ չունենք։ Այստեղ ասվում է, որ 1991 թվականի դեկտեմբերի 8-ին, Ադրբեջանի հետ համատեղ ստորագրելով ԱՊՀ ստեղծելու մասին համաձայնագիրը, ՀՀ-ն տվյալ համաձայնագիրը վավերացրել է 1992 թվականի փետրվարի 18-ին։ Այսինքն, այդ ժամանակ, որ ստորագրել ենք, մենք փոխադարձաբար ճանաչել ենք միմյանց տարածքային ամբողջականությունն ու սահմանները՝ միանալով տվյալ կառույցին»,- մանրամասնեց Մարուքյանը։

Էդմոն Մարուքյանը հայտնել է, որ 3-րդ կետում հայկական կողմը նշում  է, որ իր համար հիմնարար են Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության երաշխավորման, նրանց իրավունքների եւ ազատությունների հարգման, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշման հարցերը։

Հատուկ հանձնարարություններով դեսպանը հավելել է, որ 4-րդ կետում  հայկական կողմը կարեւոր է համարում Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի  նախագահների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի  հունվարի 11-ի եւ 2021 թվականի նոյեմբերի  26-ի հայտարարություններում ամրագրված պարտավորությունները։ «Իսկ դրանք ո՞ր պարտավորություններն են․  ռազմագերիների վերադարձը, որը մինչեւ այսօր  չի արվել, կոմունիկացիանրի բացումը, որն Ադրբեջանն է ձգձգում»,- ասել է Մարուքյանը՝ հավելելով, որ հայկական կողմն այս կետով հստակեցնում է, որ  շարունակում է հավատարիմ լինել իր պարտավորություններին, իսկ Ադրբեջանը՝ ոչ։

5-րդ կետում նշվում է, որ հայկական կողմը պատրաստ է բանակցություններ սկսել Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման, միջպետական հարաբերությունների հաստատման համար՝ ՄԱԿ-ի կանոնադրության, Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրի եւ Հելսինկյան եզրափակիչ ակտի հիման վրա։ «Սրանք այն հիմնարար սկզբունքներն են, որոնք ի սկզբանե եղել են։ Այսինքն, այստեղ են ամրագրված  ազգերի ինքնորոշման իրավունքը եւ այլ կարեւոր իրավունքներ եւ ազատություններ»,- մանրամասնել է Մարուքյանը։

Էդմոն Մարուքյանը հավելել է, որ հայկական կողմը 6-րդ կետով հայտնել է, որ համապատասխան բանակցությունների համար Հայաստանը դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։

Մեկնաբանել