Հիդրոօթերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է սեպտեմբեր ամսվա կլիմայական բնութագիրը եւ եղանակային կանխատեսումը։
Սեպտեմբերի առաջին եւ երկրորդ տասնօրյակում հանրապետության եղանակակլիմայական պայմանների ձեւավորման վրա դեռեւս շարունակում են ազդել արեւադարձային լայնություններից ներթափանցող տաք եւ չոր օդային զանգվածները, իսկ երրորդ տասնօրյակից սկսած դրանց ներթափանցման դեպքերի թիվը աստիճանաբար նվազում է։
Ամռան ավարտը կլիմայական բնութագրմամբ համարվում է այն ժամանակը, երբ օդի օրական միջին ջերմաստիճանն իջնում է 15°C ցածր: Հանրապետությունում այդ անցումը սեպտեմբերին սկսվում է լեռնային շրջաններից, ամսվա երրորդ տասնօրյակում տարածվում նախալեռնային գոտիների վրա, իսկ հովտային գոտիներում այս ամսին դա տեղի չի ունենում։ Այնպես որ, տաք շրջաններում սեպտեմբերին դեռեւս շարունակվում է եղանակային պայմանների ամառային ռեժիմը, իսկ լեռնային շրջաններում սկսվում է աշունը:
Սեպտեմբերին հատկապես Արաբական թերակղզու շրջաններից արեւադարձային տաք օդային զանգվածների ներթափանցման դեպքում բացարձակ առավելագույն ջերմաստիճանը Արարատյան դաշտում եւ Սյունիքի հովտային գոտում դեռեւս կարող է հասնել +39…+40°C, նախալեռնային շրջաններում՝ +35…+38°C, լեռնային շրջաններում՝ +30…+32°C:
Վերջին անգամ Երեւանում սեպտեմբերին +39․․․+40°C աստիճան տաքություն գրանցվել է 2017թ-ին, իսկ 2021թ-ի սեպտեմբերին 2-ին Մեղրիում օդի ջերմաստիճանը հասել է +41°C։
Օդում առաջին ցրտահարությունը մեծ մասամբ դիտվում է լեռնային շրջաններում սեպտեմբերի վերջին, սակայն առանձին տարիներին, այն կարող է դիտվել նույնիսկ ամսվա առաջին կեսին:
Երեւանում սեպտեմբերը համարվում է տարվա մեջ ամենաբարեհաճ ամիսը՝ առաջին տասնօրյակում օդի օրական միջին ջերմաստիճանը +22…+23°C է, երկրորդում՝ +20°C եւ երրորդում՝ +18…+19°C:
Արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներխուժմամբ պայմանավորված, հատկապես սեպտեմբերի երրորդ տասնօրյակում հանրապետության լեռնային եւ նախալեռնային գոտիներում կարող են արդեն դիտվել բացասական ջերմաստիճաններ, իսկ բարձրլեռնային գոտիներում նույնիսկ ձյան տեսքով տեղումներ։ 1997թ-ի սեպտեմբերի 5-ին արկտիկական մթնոլորտային ճակատի ներխուժումից հետո լեռնային մարզերում գիշերային ժամերին ջերմաստիճանը նվազել է -2․․․-4°C։
Հանրապետության տարածքում տեղումները բաշխվում են անհավասարաչափ, միջինը դիտվում են 33մմ, Արարատյան դաշտում, Վայոց ձորում եւ Սյունիքի հովիտներում` 6-10մմ, Լոռիում` 50-60մմ, Սյունիքի նախալեռներում`60-65մմ:
Բազմամյա տվյալներով 12 տարի Երեւանում սեպտեմբերին ընդհանրապես տեղումներ չեն դիտվել եւ եղել է տարի, օրինակ 1932թ-ին, երբ տեղումների քանակը կազմել է 86մմ, որը գերազանցել է նորման 9 անգամ: Առատ տեղումներով տարի է եղել նաեւ 2009թ. սեպտեմբերը, երբ ամսական տեղումների քանակը Երեւանում կազմել է 70մմ, որն էլ գերազանցել է նորման 7 անգամ:
Տեղումներով օրերի թիվը եւս անհավասարաչափ է բաշխված՝ Լոռիում անձրեւ տեղում է միջինը 12 օր, Արարատյան դաշտում մինչեւ 3 օր: Բարձր լեռնային շրջաններում եւ Գեղարքունիքում ամսվա երրորդ տասնօրյակում կարող է առաջանալ ձյան ծածկ:
Ամպրոպային գործունեությունը թուլանում է՝ միջինը դիտվում է 3-6 օր, չնայած առանձին տարիների հյուսիսային կեսում կարող է դիտվել 10-20 օր: Կարկուտ դիտվում է հազվադեպ:
Սյունիքում հաճախակի դիտվում է մառախուղ՝ նախալեռներում` 6-11, իսկ լեռնային շրջաններում՝ 14-19 օր: