Գյումրու «Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահն» անժամկետ դադարեցրել է իր աշխատանքը։ Որոշումն աշխատակազմն այսօր է կայացրել՝ նախկին տնօրենի պաշտոնակատարին աշխատանքից ազատելու քաղաքապետի որոշումն ու նոր ԺՊ-ի նշանակման լուրը ստանալուց հետո: Այս մասին հայտնում է`armtimes.com-ը:
Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին կոչ են անում չքանդել պատկերասրահը: Նաև վերջնական որոշման մասին են տեղյակ պահում. դեմ են նոր նշանակմանը, չեն ընդունում տնօրենի նոր պաշտոնակատար Գագիկ Մանուկյանին: Վերջինս Գյումրու գեղարվեստի ակադեմիայի ամբիոնի վարիչն է: Կոլեկտիվի հիմնական ու միակ պահանջը նախկին տնօրենի ԺՊ Միքայել Վարդպարոնյանի վերականգնումն է:
Արդեն մեկ շաբաթ է, պատկերասրահում բնականոն կյանքն ու մթնոլորտը խաթարված է: Ասլամազյանցիները Գյումրու բոլոր պետական և ոչ պետական կառույցներին այս ծանր և օրհասական ժամերին կոչ են անում կանգնել Գյումրու «Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահի» ողջ անձնակազմի կողքին՝ առաջացած լուրջ խնդիրների լուծման համար։
Գյումրու քաղաքապետարանում պատկերասրահի արդեն նախկին տնօրենի պաշտոնակատարին տեղեկացրել են, որ եթե ուզում է շարունակել աշխատանքը պատկերասրահում, պետք է հրաժարվի երկրորդ աշխատանքից, և հետ ընդունի աշխատանքից ազատված Անի Ավետիսյանին:
Վարդպարոնյանը հաշվի առնելով կոլեկտիվի սպասումն ու կարծիքը, հուլիսի 2-ին Գյումրու քաղաքապետարանի պահանջով ազատվել է իր երկրորդ աշխատանքից, որն, ըստ իրեն, ընդհանրապես չի էլ խանգարել պատկերասրահի իր զբաղվածությանը, քանի որ երեկոյան ժամի աշխատանքի մասին է խոսքը, նաև պայմանավորվածություն է ձեռք բերել աշխատակիցների հետ իրենց նախկին գործընկերոջը կրկին աշխատանքի ընդունելու վերաբերյալ:
Մանրամասները`սկզբնաղբյուր կայքում:




