Գլխավոր Без рубрики Մեր համայնքի կանայք ունեն դեռեւս լիարժեքորեն չբացահայտված մեծ ներուժ․ Մանվել Փարամազյան

Մեր համայնքի կանայք ունեն դեռեւս լիարժեքորեն չբացահայտված մեծ ներուժ․ Մանվել Փարամազյան

0

Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի շնորհավորանքի ուղերձը․

«Սիրելի՛ կանայք,

Շնորհավորում եմ ձեզ Կանանց տոնի կապակցությամբ:

Մարտի 8-ն այսօր մեզանում իսկապես ձեռք է բերել այնպիսի տոնի կարգավիճակ, որով տրվում է կանանց փառաբանման եւ մեծարանքի մեկամսյա մեկնարկը: Այն եւս մի գեղեցիկ առիթ է՝ արտահայտելու մեր սերն ու հիացմունքը, մեր երախտագիտությունն ու նվիրվածությունը` մեզ շրջապատող գեղեցիկ սեռին` մայրերին, քույրերին, կանանց եւ դուստրերին:

Մենք կփորձենք անել հնարավորինս ամեն ինչ, որպեսզի ամեն կերպ խրախուսենք կանանց ավելի մեծ ներգրավվածությունը մեր համայնքի եւ մեր երկրի հասարակական կյանքում:

Մեր համոզումն է, որ մեր համայնքի կանայք ունեն դեռեւս լիարժեքորեն չբացահայտված մեծ ներուժ, որը պետք է կյանքի կոչվի ամենատարբեր ասպարեզներում եւ ոլորտներում:

Այսօր ակնհայտ է, որ մեզանում ավանդական համարվող ոլորտներից բացի, ինչպիսիք են` կրթությունն ու առողջապահությունը, կանայք սկսել են նաեւ լուրջ դերակատարություն ունենալ ձեռնարկատիրության, լրագրության, կառավարման, բարձր տեխնոլոգիաների, դատական եւ այլ բնագավառներում, ներառյալ՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերում:

Չեմ կասկածում, որ մեր օգնությամբ եւ համատեղ ուժերով` զարգացնելու ենք առկա հաջողությունները, եւ ձեր ուշիմությամբ` դուք արժանիորեն գրավելու եք կառավարման ավելի պատասխանատու ոլորտներ:

Սիրելի՛ կանայք,

Այդքանով հանդերձ, դուք մնում եք ազգի հիմքը կազմող ավանդական ընտանիքի հենասյունը, մնում եք ձեր ամուսինների թեւն ու թիկունքը, ձեր զավակների պահապան հրեշտակները, ձեր եղբայրների գորովալից քույրերը եւ ձեր պատիվը սահմանին պաշտպանող երիտասարդների հարսնացուները:

Կրկին շնորհավորում եմ ձեզ` գարնանային այս պայծառ տոնի առթիվ:

Խոնարհումս` պատերազմի ընթացքում նահատակված մեր քաջորդիների մայրերին, կանանց, քույրերին եւ դուստրերին։

Ուզում եմ առանձնահատուկ երախտագիտությամբ շնորհավորել մեր զինվորների մայրերին, ում որդիներն այս պահին ծառայում են բանակում` լինելով մեր անվտանգության երաշխավորը:

Մաղթում եմ ձեզ երջանկություն, ամենայն բարիք եւ անափ սեր:

Հարգանքով եւ երախտագիտությամբ`

համայնքի ձեր ղեկավար` Մանվել Փարամազյան»։

Մեկնաբանել