Մայիսի 12-ի վաղ առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում։
Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ նշելով, որ հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։ Այս պահին ընթանում են բանակցություններ՝ ստեղծված իրավիճակը հարթելու ուղղությամբ։
Մամուլում տարածվող տեղեկությունները «Իշխանասարի ուղղությամբ ընթացող մարտերի մասին», ըստ ՊՆ-ի, չեն համապատասխանում իրականությանը։
«Նման զարգացումների դեպքում պաշտպանության նախարարությունն առաջինը հանդես կգար հայտարարությամբ։ Կոչ ենք անում ձեռնպահ մնալ չճշտված, առավել ևս՝ խուճապ տարածող տեղեկություններ հրապարակելուց»,-ասվում է հաղորդագրության մեջ։