Գլխավոր ԵՐԵւԱՆ 1-ին դասարան ընդունվող երեխաների տվյալները ստուգել մինչև մայիսի 31-ը՝ հավելյալ խնդիրներից խուսափելու...

1-ին դասարան ընդունվող երեխաների տվյալները ստուգել մինչև մայիսի 31-ը՝ հավելյալ խնդիրներից խուսափելու համար. ԿՏԱԿ տնօրեն

0

Այս տարի եւս ՀՀ պետական բոլոր հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների ընդունելությունը կատարվելու է առցանց համակարգի միջոցով։

Հայտագրման առաջին փուլը կսկսվի հունիսի 1-ից եւ կավարտվի հունիսի 10-ին։ Այս փուլում, սակայն, կարող են հայտագրվել այն երեխաները, որոնք տվյալ ուսումնական հաստատությունում աշխատողների երեխաներ են կամ էլ նույն դպրոցում ունեն սովորող հարազատ քույր կամ եղբայր։ Հունիսի 11-ից համակարգը բաց կլինի բոլոր հայտատուների համար։ Այս մասին հայտնում է`armtimes.com-ը:

Առցանց հայտագրումը, սակայն, չի տարածվելու այն համայնքների կամ բնակավայրերերի վրա, որտեղ դպրոցների թիվը մեկն է։

Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) տնօրեն Արտակ Պողոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ stugum.emis.am համակարգում արդեն բացվել է առաջին դասարան ընդունվող երեխաների հայտագրման համակարգում տվյալների ստուգման հնարավորությունը:

«Մինչև մայիսի 31-ը ծնողները անպայման պետք է իրենց առաջին դասարան հաճախող երեխաների տվյալները ստուգեն`հավելյալ խնդիրներից խուսափելու համար: Իսկ խնդիր կարող է լինել, եթե երեխայի կամ ծնողի փաստաթուղթը թվայնացված չլինի: Այդ պարագայում համակարգը թույլ չի տա երեխային առաջին դասարան հայտագրել: Սա արված է այն նպատակով, որպեսզի, այսպես կոչված, չարաշահումներից զերծ մնանք. որեւէ քաղաքացի չվերցնի միայն իր փաստաթղթով փորձի մի շարք երեխաների արագ-արագ գրանցել: Այսինքն՝ մինչեւ համակարգը չփորձի գտնել, որ կա ծնող-երեխա կապ, այն թույլ չի տալու երեխային հայտագրել»,- ասաց նա, ապա հավելեց.

«Կայքում բացվելու է երկու դաշտ, որոնցում պետք է մուտքագրվի ծնողի և երեխայի հանրային ծառայությունների համարանիշը: Եթե ծնողը մուտքագրել է հանրային ծառայությունների համարանիշը, սակայն ստացել է «Համակարգը չի հայտնաբերել ծնող-երեխա կապը» պատասխան, ապա նրան առաջարկվելու է համապատասխան կոճակը սեղմելու միջոցով տվյալները փոխանցել Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալություն, որպեսզի դրանք թվայնացվեն։ Ստուգումը խորհուրդ ենք տալիս անպայման իրականացնել ծնողներին, որպեսզի տվյալների ճշգրտում իրականացվի, «ծնող-երեխա կապը» հայտնաբերվի, եթե ինչ-որ խնդիր կա տվյալների հետ կապված, դա ուղղվի, որպեսզի բուն հայտագրման պրոցեսում ծնողները խոչընդոտի չհանդիպեն»,- նշեց նա:

Արտակ Պողոսյանի խոսքով՝ hayt.emis.am համակարգի միջոցով բուն հայտագրման գործընթացը կսկվի հունիսի 1-ից՝ արտոնություն ունեցող ծնողների համար, իսկ արդեն հունիսի 11-ից համակարգը կբացվի մնացած բոլոր ծնողների համար եւ բաց կլինի ամբողջ ուսումնական տարվա ընթացքում: Իսկ այն ծնողները, ովքեր չեն հասցրել հայտագրել երեխաներին մինչև հունիսի 10-ը, որեւէ խնդրի առաջ չեն հայտնվի, որովհետեւ մյուսների հետ հավասար կարող են հայտագրել հունիսի 11-ից:

Հարցին՝ եթե տվյալ դպրոցում լրացվել են տեղերը, ծնողներն ի՞նչ պետք է անեն, ԿՏԱԿ-ի տնօրենը պատասխանեց, որ այդ դեպքում ծնողը պիտի դիմի մեկ այլ դպրոց, այնտեղ, որտեղ ինքը կորոշի. համակարգը որեւէ դպրոց ծնողին չի պարտադրում:

Արտակ Պողոսյանը նշեց նաեւ, որ 2015 թվականի ծնվածների թիվը մոտ 40 հազար է, սակայն, թե առաջին դասարան քանի երեխա այս տարի կհաճախի, հնարավոր կլինի ասել հուլիս-օգոստոս ամիսներին: Նա ասաց նաև, որ ծնողի իրավունքն է այդ տարի երեխային դպրոց տանել, թե՝ ոչ:

Մանրամասները`սկզբնաղբյուր կայքում:

Մեկնաբանել